Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները․ ԱԳՆ
Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին:
«Հարգելի՛ գործընկերներ,
Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և լավ մշակված մանդատներն ու պարտավորությունները լիովին անտեսվում են:
Այս գործընթացը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ԵԱՀԿ-ն ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը։ Ցավոք, այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ չկա ընդհանուր ըմբռնում, որ աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Ցավոք, ԵԱՀԿ-ի պատասխանատվության տարածքը ևս բացառություն չէ:
Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի հիմնական պատճառներն էին ատելությունն ու այլատյացությունն իր տարբեր դրսևորումներով և իրենց նախնյաց հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրել ցանկացող մարդկանց համար գոյաբանական սպառնալիքը, այս տարի հասավ իր ավարտական փուլին: Ավելի քան ինն ամիս տևած անմարդկային պաշարումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ բնիկ բնակչության զանգվածային բռնի տեղահանմանը: Այս պահին կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքին առանց հայ բնակչության։
Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին՝ Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը մեր ջանքերին, որոնք հիմնված են լավ մշակված և հայտնի սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները, որոնք լայնորեն քննարկվել և ընդունվել կամ առնվազն չեն մերժվել Ադրբեջանի կողմից, ներառում են․
- տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա և առանց երկիմաստությունների,
- Հայաստանի և Ադբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում ամենավերջին և լեգիտիմ՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1974-78 թթ․ քարտեզների հիման վրա,
- բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Հայկական կողմը վերահաստատում է իր հանձնառությունը վերոնշյալ սկզբունքներին և ի ցույց դնելով գործուն քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը՝ վերջերս ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի հայեցակարգ, որը մենք կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»: Այս հավակնոտ նախագիծը նպատակաուղղված է կապելու Արևելքը Արևմուտքի, Հյուսիսը Հարավի հետ և տարածաշրջանային համագործակցության միջոցով պայմաններ ստեղծելու տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հակասությունների հարթման և մեր տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխկապակցվածության և քաղաքական երկխոսության խթանման համար:
Այս առումով Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։ Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը։
Պարո՛ն նախագահ,
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան նաև մի շարք մարդասիրական հարցեր, որոնք չեն կարող անտեսվել։ Բոլոր հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղությամբ համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը կարող են ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն։
Եզրափակելով կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ԵԱՀԿ պատասխանատու անդամ, բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ նպատակով։ Եվ ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար։
Շնորհակալություն»։
Add new comment