Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ գրոհներին չի մասնակցել. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը չի մասնակցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի վրա կատարված գոհներին։ Ըստ «Դետք»-ի` այս մասին տեղեկացնում է իրանական «Pars Today» լրատվական գործակալությունը:

Իրավանին շեշտել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են. «Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ Իրանը չի մասնակցել ամերիկյան զինված ուժերի դեմ կատարված որևէ հարձակման։ Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ մեղադրանքները համարում է անհիմն և կարծում է, որ այդ բոլոր հայտարարություններն օկուպանտ երկրի փորձն են՝ արդարացնելու սեփական ագրեսիան, միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտումները, որոնք նա կատարում է Սիրիայում և մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում»:

Ավելի վաղ ամերիկյան «The Washington Post» պարբերականը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները Մերձավոր Արևելքում հոկտեմբերից ենթարկվել են զինյալների առնվազն 76 գրոհի։ Պարբերականը նշել է, որ հրթիռակոծությունները և անօդաչուների հարձակումներն ամերիկյան զորքերի դեմ կատարվում են գրեթե ամեն օր։

#Դետքի_հետագծով

Չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև բազմաթիվ հարցերում առկա տարաձայնություններին և մրցակցությանը` երկու երկրները խուսափում են ուղիղ առճակատումից, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հիշյալ երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Այս համատեքստում Թեհրանը հերքում է իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում ամերիկյան հենակետերի վրա իրականացված հարձակումներին, որոնք վերջին շրջանում հաճախակիացել են։

Add new comment