Հայաստանը պետք է որոշում կայացներ կազմալուծել Ադրբեջանի կենսունակությունը, ինչ չարեց՝ պարտվելով իր կայացրած որոշման մեջ. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանն ու Հայաստանը 1988 թվականից սկսած կանգնած էին ռազմավարական բարդագույն որոշման առաջ։ Ադրբեջանն իր որոշումը կայացրել էր, իսկ Հայաստանը` կայացրել էր «կես որոշում»:
Այսօր Ադրբեջանը հստակ գիտի, թե ինչպիսի տարածաշրջան է ուզում և ինչ է ինքն անելու։
Հայաստանը պարտվել է իր կայացրած որոշման մեջ։
Իսկ այդ որոշումը շատ պարզ էր. «Տարածաշրջանում մեկ կենսունակ պետություն պետք է լինի և մեկ սպասարկող»: Ադրբեջանը որոշել է, որ Հայաստանը որպես կենսունակ պետություն չի կարող լինել և գործում է այդ ուղղությամբ։
Հայաստանի որոշումը 1988 թվականից ի վեր ռեակտիվ և կործանարար որոշում էր։
Արցախի ազատագրմամբ չէր կարող հարցը փակվել, Արցախի ազատագրումը միայն առաջին փուլն էր։ Հաջորդ փուլում Հայաստանը պետք է որոշում կայացներ կազմալուծել Ադրբեջանի կենսունակությունը և դրա փոխարեն հովանավորել այլ մանր պետությունների կամ ինքնավարությունների գոյություն։
Դա չարեց Հայաստանը և տրամաբանական էր, որ չի անի, քանի որ համապատասխան էլիտա չուներ, որը ի վիճակի կլիներ ռազմավարական որոշումներ կայացնել և իրագործել։ Եղած էլիտայի համար իշխանությունը ազդեցություն, հարստություն, հեղինակություն կուտակելու հնարավորություն էր, որը վատասերեց քաղաքական մթնոլորտը, արդարության մթնոլորտը, օրենքի գերակայության սկզբունքը...
Փոխարենը Ադրբեջանի էլիտան սերտաճեց թուրքականին և հանձն առավ ռևանշի ու իր կայացրած որոշման իրագործման` Հայաստանն առանց ազդեցության և կենսունակության։ Այսօր Ադրբեջանը հաջողել է, վաղն էլ կհաջողի, եթե Հայաստանում առաջ չգա «ռազմավարական էլիտա», որը կկայացնի որոշում ու կգնա այդ որոշման իրագործմանը` արդարության մթնոլորտը վերականգնելով, ներքին համերաշխության հասնելով, պետական համակարգը վերակառուցելով, և լուռ հզորանալով, թշնամու թևերը կտրելով` որտեղ պետք է փողով, որտեղ պետք է զենքով, որտեղ պետք է խոսքով, որտեղ պետք է ժպիտով, որտեղ պետք է կաշառքով... հանուն բարձր նպատակի` հզոր և կենսունակ Հայաստանի, և թույլ ու անատամ Ադրբեջանի։
Տոկա‘, որովհետև երանելի են Քո օրերը, որովհետև Քո աչքերը պիտի տեսնեն մոխիրներից երկինք հառնող թռչունի թռիչքը»։
Add new comment