Զաքիր Հասանովը Թուրքիայի ԳՇ երկրորդ պետի հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Իրֆան Օզերթի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 15-րդ հանդիպմանը։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է «Report»-ը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը։
Հասանովն իր գոհունակությունն է հայտնել հյուրերին` ընդգծելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության բարձր մակարդակը, այդ ուղղությամբ գործողությունների շարունակականության կարևորությունը։
Իր հերթին Իրֆան Օզերթը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին հյուրընկալության և Բաքվում երկու եղբայրական երկրների զինվորականների հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար։
Կողմերը վստահություն են հայտնել, որ փոխադարձ աջակցության վրա հիմնված երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ։ Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական ու եղբայրական հարաբերությունների վրա։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի ԳՇ պետ Քերիմ Վելիևի և թուրքական պատվիրակության հանդիպումը։
Add new comment