Իսրայելին աջակցելով` ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում տարածաշրջանում առկա լարվածության համար. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Գազայում սիոնիստական ռեժիմի շարունակվող ռազմական հանցագործությունների և տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի գլխավոր պատասխանատուն ԱՄՆ-ն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Pars Today» լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է՝ այն դեպքում, երբ Վաշինգտոնը լիովին աջակցում է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի` պաղեստինցիների դեմ տարվող պատերազմին, հանցագործությանը և ցեղասպանությանը, տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունն ավելի շատ նման է դառը կատակի և վկայում է ԱՄՆ կառավարության ցուցաբերած բացահայտ թշնամանքի մասին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգությունը միատարր և խիստ փոխկապակցված գործընթաց է։
«Ի տարբերություն ԱՄՆ կառավարության պաշտոնյաների պնդումների` այս երկրի ռազմական ներկայությունը տարածաշրջանի ցամաքային և ծովային աշխարհագրական տարածքներում երբեք անվտանգություն չի ապահովել։ ԱՄՆ կառավարությունն իր անօրինական ծրագրերով ու միջամտություններով հետամուտ է եղել սիոնիստական ռեժիմի անօրինական շահերին՝ տարածաշրջանի երկրներն անապահով դարձնելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքները խախտելու գնով»,- ասել է նա։
Վերջինս նաև նշել է, որ Պաղեստինի ճակատագիրը որոշելու է միայն նրա ժողովուրդը։
«Տարածաշրջանում անվտանգության ապահովման պատասխանատուն տարածաշրջանի երկրներն են, և օտարերկրյա միջամտության բացակայության դեպքում տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել երկրների հավաքական համագործակցությամբ»,- եզրափակել է խոսնակը։
#Դետքի_հետագծով
Իսրայելը կարողանում է շարունակել Գազայի հատվածի նկատմամբ իրականացվող ագրեսիան հիմնականում ԱՄՆ-ի տրամադրած ռազմական աջակցության շնորհիվ, ինչն իր հերթին հակամարտությունն ընդլայնելու ռիսկեր է առաջացնում։ Սա բնականաբար անհանգստացում է Իրանին, որն այս հակամարտությունում աջակցում է պաղեստինյան կողմին և ձգտում է հասնել անհապաղ հրադադարի հաստատման։
Add new comment