Submitted by G.Avetisyan on
65132

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը

35 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

Մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։ Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։

Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:

Հայաստանը այսօր էլ դեռ շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Ցավոք, դեռևս այսօր, երկրաշարժից 35 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով ունեզուրկ  և անօթևան մարդկանց տխուր ճակատագրերին։  Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ անվտանգության կանոններ

Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում

Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:

Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:

Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:

Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:

Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:

Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:

Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:

Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում

Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:

Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:

Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:

Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:

Ինչպե՞ս վարվել, եթե դուք մնացել եք ավերակների տակ

Եթե դուք մնացել եք ավերակների տակ, իսկ դա վերաբերում է բոլոր դեպքերին` սողանքներին, երկրաշարժերին, փլուզումներին, հիշե՛ք, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է սթափ լինել:

Առանց սննդի և ջրի դուք երկար ժամանակ կարող եք դիմանալ:

Հանգստություն պահպանե՛ք և փորձե՛ք կենտրոնանալ:

Կրակ մի՛ վառեք:

Մի՛ շարժվեք:

Փակե՛ք բերանը թաշկինակով կամ շորի կտորով:

Փորձե՛ք հասկանալ, թե որտե՞ղ եք գտնվում, արդյոք ելք կա՞, արդյոք այլ մարդիկ կա՞ն ձեր կողքին:

Թակե՛ք խողովակը կամ պատը, որպեսզի փրկարարները կարողանան պարզել ձեր գտնվելու վայրը:

Սուլիչ օգտագործե՛ք, եթե ունեք իհարկե: Միայն ծայրահեղ դեպքում գոռացե՛ք, որպեսզի փոշի կուլ չտաք:

Եթե դուք շրջապատված եք ավերակներով, փորձե՛ք դանդաղ շարժվել, որպեսզի պահպանեք ուժերը և չվնասվե՛ք սուր առարկաներով:

Ինչպե՞ս վարվել առաջին ցնցումից հետո

Պատրաստ եղե՛ք հաջորդ ցնցումներին:

Երբ ցնցումներն ավարտվեն, առանց ժամանակ կորցնելու դուրս եկե՛ք շենքից:

Մի՛ կանգնեք մետաղալարերի, խողովակների, քիվերի տակ:

Որքան հնարավոր է հեռու մնացե՛ք շենքերից, սյուներից, ցանկապատերից: Ավելի լավ է տեղավորվել այգում, բաց տարածությունում:

Ստուգեք՝ արդյոք վիրավորներ չկան:

Մի՛ տեղաշարժեք ծանր վիճակում գտնվող վիրավորներին:

Հետևե՛ք իրավասու մարմինների հրահանգներին:

Հեռախոսից օգտվե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն:

 

Add new comment