Submitted by D.Guyumjyan on
դետք

Ալիևը վստահեցնում է՝ ցանկանում է, որ Արցախի հայերը վերադառնան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Արցախի բնակչությունը ինքնակամ է որոշել հեռանալ։ Ըստ «Դետք»-ի՝ Ալիևն այս մասին ասել է «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրենց տներից հեռանալը, նախ, իրենց սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաև այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարում էինք այդ մասին։ Եվ ադրբեջանցի ժողովրդին մեր դիմումի մեջ «հակաահաբեկչական գործողության» ավարտից հետո ես ասել եմ, որ իրենք կարող են մնալ»,- ասել է նա։

Ալիևը շեշտել է՝ բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը, իսկ նրանց սեփականությունը, ինչպես հարկն է, պաշտպանված է։

«Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պահպանվում են։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետևեն։ Ես այդ մասին ասել եմ «հակաահաբեկչական գործողությունը» սկսվելուց շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտարարություն տան։ Չէ՞ որ մարդիկ չեն կարող ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կա'մ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կա'մ կեցության իրավունք»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Արցախի բնակիչները չեն կարող բնակվել «Ադրբեջանի տարածքում», սակայն ասել, թե բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, քանի որ նման պետություն գոյություն չունի։ «Այնպես որ, եթե նրանք ցանկանում են ապրել Ադրբեջանում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ապա, իհարկե, նրանք կարող են անել դա»,- եզրափակել է Բաքվի բռնապետը։

Add new comment