Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նախագահի հրամանագրով՝ արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2024 թ. փետրվարի 7-ին։ Ադրբեջանի Սահմանադրության վերջին փոփոխությամբ նախագահի պաշտոնավարման ժամկետը  5-ից հասցվել է 7 տարվա: Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Իլհամ Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին: Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների պատճառների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։

Ընդդիմադիր թևի կարծիքներ

  • «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի կարծիքով՝ Իլհամ Ալիևի կողմից առանց հանրային քննարկման արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումն այդ ընտրությունները կեղծելու նախապատրաստություն է։ Ըստ Քերիմլիի՝ Իլհամ Ալիևը նախատեսված արտահերթ ընտրությունների ավելի հեշտ կեղծման համար հող է նախապատրաստել՝ վերջին շրջանում արհեստականորեն սրելով երկրի հարաբերություններն այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն, ինչպես նաև ձեռնարկել է ապօրինի ձերբակալություններ:
  • Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ Իլհամ Ալիևը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը ոչ մրցակցային և կեղծ ընտրությունների միջոցով, քանի դեռ «պուտինյան ռեժիմը» գոյություն ունի։
  • «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլըի կարծիքով՝ այսքան կարճ ժամանակահատվածում նախագահական ընտրությունների մասին հայտարարելն ադրբեջանցի հասարակության շահերը հաշվի չառնելու ապացույցներից մեկն է, որի նպատակն է կանխել ժողովրդի կամքի արտացոլման համար պայմանների ստեղծումը:
  • Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասըմլըն նախագահական ընտրությունների արտահերթ անցկացումը կապում է երկրում տիրող  սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ․ «Սոցիալական լարվածությունը երկրում աճում է և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի կհասնի իր գագաթնակետին: Նրանք չկարողացան Ղարաբաղի հաղթանակն օրինականացնել ինչպես ուզում էին, ուստի իշխանությունն այլևս չունի արտաքին քաղաքական խաղաքարտեր ներքին օգտագործման համար»։
  • Քաղաքացիական իրավունքների ինստիտուտի ղեկավար Բաշիր Սուլեյմանլըն արտահերթ ընտրությունները կապում է 2024 թ. մարտի 17-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ․ «Այս ամենը կապված է Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և համաշխարհային ուժային կենտրոնների դիմակայության հետ։ Միգուցե Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ապահովագրել իրենց»:

Ընտրությունների արտահերթ անցկացման վերաբերյալ հասարակական կարծիքներ

  • Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում 2024 թ. ընտրություններին ընդառաջ նախագահական ընտրությունների անցկացումը թույլ կտա բացառել Ադրբեջանի ընտրություններին միջամտելու ճնշումները, քանի որ ներկայումս բոլոր այս երկրները զբաղված են իրենց ներքաղաքական օրակարգով: Այսկերպ Ալիևը որոշել է վաղաժամ վերընտրվել՝ իր արտաքին «թշնամիներին» ներքին գործերին միջամտելու հնարավորությունից զրկելու համար։
  • Ադրբեջանցիների շրջանում թարմ է հաղթանակի հիշողությունը, և օրակարգային չէ երկրում տիրող սոցիալական խնդիրների հարցը, որի լուծումը եղել է Ալիևի նախընտրական խոստումներից մեկը՝ «Ղարաբաղի հարցի» լուծումից հետո: Արտահերթ ընտրությունները  թույլ կտան առանց լուրջ դիմադրության երաշխավորել ևս 7 տարվա իշխանությունը:
  • 2025 թ. Արցախից (խմբ․) ռուսական զորքերի դուրսբերման շուրջ քննարկումը կարող է լարվածություն ստեղծել նախընտրական քարոզարշավի ընթացքում։
  • Վերջին ամիսների բռնաճնշումներն «արևմտամետ լրագրողների» նկատմամբ կշարունակվեն հաջորդ տարի, ուստի լրացուցիչ լարվածություն կստեղծվի իշխող ուժի շուրջ:
  • Նախագահական քարոզարշավն Իլհամ Ալիևին թույլ կտա խուսափել Հայաստանի հետ անհապաղ խաղաղություն կնքելու անհրաժեշտությունից:

Add new comment