Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը շրջափակեց Արցախը
Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը շրջափակեց Արցախը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից թշնամին շրջափակեց Արցախի բնակչությանն ու արգելափակեց տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։
Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ էին տեղափոխվում Արցախ, և ծանր հիվանդները տեղափոխվում էին ՀՀ բժշկական կենտրոններ։ Սակայն հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջական շրջափակման անցավ։ Հակարիի կամրջի վրա բետոնե պատնեշ կառուցելն արգելափակեց նաև խաղաղապահների ու Կարմիր խաչի մուտքն Արցախ։
Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից, վերսկսվեց ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված էր մատակարարել սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել էր նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։
Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունն ուներ սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում էին ծանր խնդիրների` ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել էին հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 9 ամիս շրջափակումից հետո, Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր էր մղում ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը:
Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալուց։ Վերջին տվյալներով` ՀՀ-ում Արցախից բռնի տեղահանված 101.848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Add new comment