Submitted by D.Guyumjyan on
detq

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները շեշտել են Իսրայելի վրա ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։ Աբդոլլահիանը շեշտել է, որ պետք է դիվանագիտական նախաձեռնություններ իրականացնել Գազայի բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու համար:

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները միևնույն ժամանակ ընդգծել են Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Թեհրանի և Անկարայի միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների նիստի անցկացումն ու նախագահների առաջիկա հանդիպումը:

Ֆիդանն իր հերթին բարձր է գնահատել Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Պաղեստինը մուսուլմանական աշխարհի կենտրոնական խնդիրն է:

#Դետքի_հետագծով

Թուրքիան և Իրանը Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամի հարցում միասնական դիրքորոշում ունեն. երկուսն էլ աջակցում են պաղեստինյան կողմին ու ՀԱՍԱՍ-ին, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Թուրքիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներն ու շփումները վերջին շրջանում ուղղված են երկու երկրների մոտեցումները մերձեցնելուն՝ հատկապես միջազգային հարթակներում միասնական դիրքորոշում ցուցաբերելու համար։

Add new comment