Մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանն է հրաժարվել Արցախից և այն ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Պուտինն ասել է իր տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա շեշտել է, որ ներկայումս Հայաստանում բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Արցախի հետ։
«Բոլորս դա հասկանում ենք, բայց մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունել: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- ասել է Պուտինը։
Ընդգծենք, որ ՌԴ նախագահը նկատի ունի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում ընդունված հայտարարությունը, որով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 և 86.6 հազար քառակուսի կմ տարածքներով։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանի նախագահի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ հենց Պրագայի հայտարարությամբ ՀՀ-ն պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչն «ազատեց» Ալիևի ձեռքերը Արցախի նկատմամբ հետագա ագրեսիաների իրականացման հարցում։ Չնայած նկատենք նաև, որ նախքան սա էլ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բազմաթիվ խախտումներ էին եղել, որոնք չէին արժանացել ռուսական կողմի պատշաճ արձագանքին։
Add new comment