Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանը զորքերը հետ չի քաշի հայ-ադրբեջանական սահմանից. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի հայ-ադրբեջանական սահմանից։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Բայրամովն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան հայկական կողմի առաջարկն անընդունելի է որակել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման նախաձեռնությունն անվտանգ չէ։

«Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ։ Այս դեպքում, եթե զորքերը հետ քաշվեն, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև հավելել է, որ Բաքուն կողմնակից է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացմանը։

#Դետքի_հետագծով

Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է զորքերը հայելային կերպով հետ քաշել պետական սահմանին, ինչը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Սա չափազանց վտանգավոր առաջարկ է, քանի որ եթե անգամ այն ընդունվեր, ապա Ադրբեջանը հետ էր քաշվելու իր նախնական դիրքեր, իսկ Հայաստանը պետք է կրկին հետ քաշվեր սեփական ինքնիշխան տարածքում, և ապառազմականացված գոտին ստեղծվեր բացառապես ՀՀ տարածքի հաշվին։

Add new comment