Submitted by D.Guyumjyan on
DETQ

Աշխարհը պետք է պայքարի Իսրայելի ռազմական հանցագործությունների հետևանքների դեմ. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը և աշխարհը տարիներ շարունակ պայքարելու են պաղեստինյան տարածքներում իսրայելական ռեժիմի իրականացրած շարունակական ռազմական հանցագործությունների հետևանքների դեմ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Ժնևում ընթացող Փախստականների գլոբալ ֆորումին՝ Իրանի գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ հանդիպումները գործնական արդյունքներ կունենան և չեն դառնա միայն որպես պարզապես դիրքորոշում արտահայտելու վայր։  «Մենք հուսով ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կկատարի իր պարտականությունները և ուշադրություն կդարձնի փախստականների բարեկեցությանը, կրթությանը և կենսապայմաններին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով մինչ այժմ զոհվել է 18.608 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, ևս 50.594-ը վիրավորվել են:

Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության  ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարեց, որ Գազայում տիրող իրավիճակը վատթարագույնն է, որը երբևէ տեսել է: Նա նաև ընդգծեց, որ 
իր գործակալության աշխատանքները Գազայում փլուզման եզրին են։ 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի 2.3 միլիոն բնակիչներից առնվազն 1.5 միլիոնը լքել է տները պատերազմի սկսվելուց հետո:

#Դետքի_հետագծով

Իսրայելը վերջին շրջանում ուժգնացրել է իր հարձակումները Գազայի հատվածի նկատմամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կտրուկ աճել է։ Իսրայելի գործելակերպն առաջացրել է անգամ իր դաշնակից բազմաթիվ պետությունների դժգոհությունը, որոնք պատերազմի սկզբից ի վեր աջակցել են վերջինիս։

Պաղեստինյան և տարածաշրջանային այլ պաշտոնյաներ զգուշացրել են, որ իր անզուսպ ագրեսիայի միջոցով Իսրայելի ռեժիմը վարում է Գազայի բնակչությանը Եգիպտոսում և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչներին վերաբնակեցնելու քաղաքականություն:


 

Add new comment