Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու․ սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-2022 թթ., իր քարտեզներով ադրբեջանական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել:
Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացում Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծելու, և անկախ այն հանգամանքից` «խաղաղության պայմանագիր» կկնքվի՞, թե՞ ոչ, սահմանների ճշգրտման հարցը մշտապես սպառնալիք է լինելու:
Ադրբեջանական պատկերացումները սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ ցույց են տալիս, որ ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով, կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու»,- գրել է նա:
Add new comment