Submitted by D.Guyumjyan on
detq

Չինաստանն աջակցում է Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների բարելավմանը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վեբինը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վան Վեբինը հիշեցրել է, որ դեկտեմբերի 15-ին Պեկինում տեղի է ունեցել Չինաստան-Սաուդյան Արաբիա-Իրան եռակողմ համատեղ կոմիտեի փոխնախարարների մակարդակով առաջին հանդիպումը։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ գնահատվել է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերություններում Պեկինի համաձայնագրի ստորագրումից հետո ձեռք բերված դրական առաջընթացը, և կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը համաձայնագրի լիարժեք իրականացմանը:

«Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ և աջակցել Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների բարելավմանը։ Արտգործնախարար Վան Յին խմբային հանդիպում ունեցավ երկու երկրների պատվիրակությունների հետ և երեք կետից բաղկացած առաջարկ ներկայացրեց Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ. նախ՝ հավատարիմ մնալ հաշտեցման ռազմավարական ընտրությանը, երկրորդ՝ առաջ մղել հարաբերությունների բարելավման գործընթացը և երրորդ՝ մերժել արտաքին խանգարումները»,- ասել է նա:

Վան Վեբինը հավելել է, որ կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցությունն ու իրենց ընդհանուր դիրքորոշումները հայտնել տարածաշրջանային թեժ խնդիրների՝ ներառյալ Պաղեստինի վերաբերյալ։

#Դետքի_հետագծով

Այս տարվա մարտին Չինաստանի միջնորդությամբ կայացած ինտենսիվ բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնություն ձեռք բերեցին վերականգնել երկկողմ հարաբերությունները, որոնք խզվել էին դեռևս 2016 թվականի հունվարին։ Ներկայումս Չինաստանը փորձում է գործընթացն ամբողջովին ավարտին հասցնել և հասնել երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։

 

 

Add new comment