դետք

Ադրբեջանն ընտրատեղամասեր կբացի նաև օկուպացված Արցախում

Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների շրջանակում ընտրատեղամասեր կբացվեն նաև բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ ընտրատեղամասեր կբացվեն օկուպացված Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում: Ըստ նրա՝ օկուպացված Ստեփանակերտում ընտրատեղամասերից մեկը կտեղակայվի Արցախի նախագահականի շենքում։ 

«Ադրբեջանցի ընտրողն առաջին անգամ կքվեարկի Ստեփանակերտում (խմբ․), այս օրը կմնա պատմության մեջ։ Ստեփանակերտում (խմբ․)՝ հենց այն շենքում, որն այցելել է Ադրբեջանի նախագահը, քվեարկելու են ադրբեջանցի ընտրողները։ Յուրաքանչյուր քաղաքացի, որը 18 տարեկան է, պատմության մեջ կմնա՝ առաջին անգամ քվեարկելով այս շենքում»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին։ Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել 2003 թվականից պետությունը ղեկավարող Իլհամ Ալիևը, որն ընտրվելուց հետո կպաշտոնավարի ևս 7 տարի։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի պատմության մեջ սա առաջին համապետական ընտրություններն են, որոնք անցկացվելու են նաև բռնազավթված Արցախի տարածքում, որոնց միջոցով Ալիևի ռեժիմը մտադիր է օրինականացնել Արցախի բռնազավթումը։ Չի բացառվում նաև, որ Արցախի տարածքում մնացած սակավաթիվ հայերը նույնպես ցուցադրաբար կմասնակցեն քվեարկությանը, որի միջոցով Ալիևը միջազգային հանրությանը կներկայացնի, թե իբր Արցախի բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են և մասնակցում են պետության ղեկավարի ընտրությանը։

 

Add new comment