Մենք 26 տարի հետ ենք մնացել. Հայաստանը հնարավորություն ունի՞ նման խառը իրավիճակում պահպանելու իր տեղն ու դիրքը
Եթե միջազգային հարաբերություններում կարգը, կանոնը վերանում են, ազգային պետությունները շատ դժվարությամբ են կարողանում պաշտպանել իրենց, քայքայվում են: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը առցանց դասախոսության ժամանակ:
«Մենք պետք է այս աչքով նայենք ներկա զարգացումներին, պետք է անընդհատ մեր իրավունքները հստակեցնենք և պայքարենք` հասկանալով այս ամենը: Հեքիաթներից պետք է դուրս գանք, հասկանանք, որ աշխարհն ուժի հավասարակշռության վրա է. դու պետք է այնպես անես, որ դրա մեջ տեղ ունենաս, որ քեզ ձեռք չտան: Օրինակ` Ադրբեջանը ոնց է անում. մի օր ասում է` ռուսների հետ բարեկամ ենք, մյուս օրն Ուկրաինային զենք է տալիս, ու ռուսներն էլ ձայնը կտրում են: Հենց Ռուսաստանն ավելորդ խոսք է ասում, Ադրբեջանը վազում է ուրիշ կողմ, բայց հենց ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ վիճակը վատանում է, հետ է դառնում Ռուսաստանի կողմը: Իսկ մենք այսպիսի բան չունենք` կա'մ թշնամի է, կա'մ բարեկամ, կա'մ սրա հետ ենք, կա'մ նրա»,- նշեց Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ` հիմա իշխանությունները փորձում են ինչ-որ բան անել` սակայն խոշորագույն սխալներ թույլ տալով, իրավունքներից հրաժարվելով:
«Եթե չճանաչեին Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Ադրբեջանը ոչ մի բան էլ չէր կարողանա անել: Բայց Ադրբեջանը իրավունքը ստացավ, բոլորին հավաքեց իր շուրջը` Ռուսաստանն էլ, Իրանն էլ համաձայնվեցին: Ես որ լսում եմ Ադրբեջանի նախագահին, նա անընդհատ պատմում է, թե ոնց են պատերազմի պատրաստվել, ասում է` բոլորին ուզում էինք ստիպել, որ ընդունեն մեր իրավունքը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որովհետև ոչ ոք չէր ընդունում: Հենց ինքը` Ալիևն է ասում, որ ոչ ոք չէր ընդունում դա»,- նկատեց քաղաքագետը:
Ի՞նչ է նշանակում այս պայմաններում ստորագրված պայմանագիրը. ըստ Սարգսյանի` դա բարդ հարց է: Պատերազմից հետո այդպիսի մի պայմանագիր ունեցել ենք, ինչը միակողմանի օգտագործվեց մեր դեմ. «Հիմա կարող են պայմանագիր ստորագրել, պարտավորություններ վերցնել, Ադրբեջանն էլ ձևական ստորագրի, բայց մյուս օրը ինքն իր պարտավորությունները մոռանում է, իսկ քո պարտավորությունները ստիպում, որ իրացնես: Ոնց որ հիմա են ասում` միջանցք պետք է տաք, դուք եք ասել: Ասել ես, արա, չէ, ուժով կվերցնենք»:
Հայաստանը հնարավորություն ունի՞ նման խառը իրավիճակում պահպանելու իր տեղն ու դիրքը, ինչի՞ վրա հույս դնենք: Հարցին ի պատասխան` Մանվել Սարգսյանը նշեց` շահերի վրա:
«Ամենահզոր բանն աշխարհում շահն է, և այդ շահերի մեջ ամենահզորը թշնամու շահն է, որովհետև եթե դու շահ ունես ու պայմանավորվում ես ինչ-որ հարցի շուրջ, ատամներով պահելու ես դա, որովհետև շահ ունես: Իսկ եթե փորձում են հարաբերություններ ստեղծել բարի կամքի վրա` լավ պետություն, վատ պետություն, միևնույն է, վաղը ձեզ «գցելու են»: Եթե հարաբերությունները հիմնված են շահի վրա, դիմացինի շահի, այդպես չի լինի»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ինչո՞ւ ենք մենք տանուլ տվել պատերազմում: Ըստ Սարգսյանի` որովհետև առաջին պատերազմից հետո մենք ասել ենք` Ռուսաստանը մեր եղբայրն է, մեզ կպահի, բարի կամքի վրա հենվելով` ամբողջ երկիրը տվել ենք Ռուսաստանին, կորցրել ենք ազատությունը, որոշումերը տվել ենք Ռուսաստանին, և մենք 26 տարի սպասում էինք Ռուսաստանի որոշումներին, որ մեր հարցերը լուծեինք, իսկ մեր կողքին Ադրբեջանը զարգանում էր: Մենք 26 տարի հետ ենք մնացել:
«Մտանք Ռուսաստանի ազդեցության տակ` մտածելով` հանգիստ ապրենք, բայց կյանքն ապացուցեց, որ այդպես չէ. աշխարհը գնաց առաջ, իսկ մենք մնացինք նույն տեղում: Հիմա ժամանակն է նման սխալներ թույլ չտալու: Մինչև չտեսնեն, որ դու ես որոշում ընդունողը, քեզ հաշվի չեն առնելու»,- ասաց նա:
Մանվել Սարգսյանն ընդգծեց` ոչ մի երկիր ձայն չհանեց, երբ ժողովրդին հանում էին Ղարաբաղից, այդպիսին է աշխարհը. «Արևմուտքը թույլ է տվել Արցախի հայաթափումն այն հույսով, որ ԼՂ-ում հայ չլինելու դեպքում ռուս խաղաղապահն էլ կհեռանա, սակայն Ադրբեջանը հասկացել է, որ եթե հիմա ռուսներին հանեց, ամերիկացիներն ու ֆրանսիացիներն են մտնելու, ու պահում է ռուսին: Մարդ չկա, բայց այնպես է պահում, ասես բան չի պատահել»:
Քաղաքագետը նաև նշեց, որ արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում, որտեղ ոչ ոք չի կարող ասել, օրինակ, 5 տարի հետո մեր տարածաշրջանում որ պետությունը կլինի կամ չի լինի:
Add new comment