Submitted by D.Guyumjyan on
1

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը մոբիլիզացիոն ստորաբաժանում են ստեղծել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի նավատորմը տեղացի կամավոր նավաստիներից բաղկացած ժողովրդական ստորաբաժանում է ստեղծել, որը կարող է օվկիանոսում գործողություններ իրականացնել հրթիռներով զինված իրենց նավերով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Թանգսիրին նշել է, որ ռազմածովային ուժերը օվկիանոսային առաքելությունների համար կազմակերպվել են Պարսից ծոցում «Բասիջ» ռազմածովային ուժեր ստեղծելու ԻՀՊԿ-ի հաջող փորձից հետո: Նրա խոսքով՝ «Բասիջ» ուժը ներառում է 55 հազար կամավորական ուժ և 33 հազար նավ, իսկ դրա երկրորդ փուլը կյանքի կկոչվի Կասպից ծովում:

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է նաև, որ  «Բասիջ» ծովային նավատորմը օվկիանոսային առաքելությունների համար համալրվել է մեծ նավակներով և կտրիչներով, որոնք կարող են նավարկել բաց ծովով մինչև Տանզանիա։

««Բասիջ»-ի ուժերն օգտագործում են նավերը, որոնք հագեցած են այնպիսի զինատեսակներով, ինչպիսիք են 107 մմ հրթիռները, և անհրաժեշտության դեպքում կրակում են դրանք»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար քայլեր է ձեռնարկում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար և ստիպում մի շարք ազդեցիկ երկրների ընդունել տարածաշրջանում Թեհրանի գերակայությունը։ Միևնույն ժամանակ Պարսից ծոցի տարածաշրջանը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի համար, որտեղ փորձում է իր ազդեցությունը հաստատել նաև Իրանի գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգները, ուստի այս տեսանկյունից կարևոր է հատկապես երկրի ռազմածովային ուժերի մարտունակության բարձրացումը։

Add new comment