Արցախի առաջնորդների գերությունը ցեղասպանության մի մաս է․ Լուիս Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ Արցախում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Օկամպոն նշել է իր հրապարակած զեկույցում։
Վերջինս հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Նրա խոսքով՝ կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետևողական դիրքորոշման մասին:
Լուիս Մորենո Օկամպոն միևնույն ժամանակ նշել է, որ աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետևողականորեն անտեսվել է Արցախի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության մասին տեղեկատվությունը։
«Ինչ վերաբերում է ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը, ապա մասնակից պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի մասին տեղեկության փոխանցմանը Միջազգային քրեական դատարան»,- նշվում է զեկույցում։
#Դետքի_հետագծով
Լուիս Մորենո Օկամպոն մշտապես արդարացի գնահատական է տվել Ադրբեջանի կողմից կատարվող վայրագություններին. նա դեռևս Արցախի շրջափակման օրերին էր զեկույց հրապարակել և ներկայացրել Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ Արցախի բարձրաստիճան ղեկավարության ձերբակալությունը շարունակում է մնալ միջազգային հանրության, այդ թվում` Օկամպոյի ուշադրության կենտրոնում։
Add new comment