Իրանը կշարունակի դիվանագիտական ջանքերը Պաղեստինին աջակցելու նպատակով․ Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կատարում հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը շեշտել է՝ չնայած պաշարված Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հանցագործություններին՝ պաղեստինյան դիմադրությունը «ամուր կանգնած է մարտադաշտում»։ Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները մտածում էին, որ այդ կերպ կկարողանան ճնշել դիմադրությունը և ստիպել նրան սպիտակ դրոշ բարձրացնել, սակայն դիմադրությունը ծանր վնաս է հասցրել սիոնիստական ռեժիմին։
Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Թեհրանը կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ փորձելով վերջ դնել Իսրայելի հանցավոր ագրեսիային և պաշարմանը Գազայում․ «Այսօր ոչ ոք կասկած չունի, որ դիմադրությունը և պաղեստինցի ժողովուրդն ապացուցել են իրենց վճռականությունը «սպանությունների մեքենայի» առջև, չնայած նրանք շատ ցավ ու տառապանք են տեսել, ինչպես նաև ավելի քան 20․000 զոհ ունեցել վերջին 75 օրում»։
Վերջինս նաև դատապարտել է Գազայի դեմ պատերազմում Միացյալ Նահանգների անսահմանափակ աջակցությունն Իսրայելին։ Նա Վաշինգտոնին հորդորել է որքան հնարավոր է արագ դադարեցնել Թել Ավիվի «անմիտ ռազմական ստրատեգիայի» անօգուտ հովանավորումը։
#Դետքի_հետագծով
Չնայած Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ սեփական դաշնակիցների կողմից, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները ողջ ծավալով։ Այս համատեքստում Իրանը շարունակում է աջակցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ պնդելով, որ վերջինս պայքարում է հանուն Պաղեստինի ազատագրման։
Add new comment