Եգիպտոսի առաջարկած ծրագիրը քննարկվել է Իսրայելի ռազմական կաբինետի նիստում
Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու՝ Եգիպտոսի առաջարկած ծրագիրը քննարկվել է Իսրայելի ռազմական կաբինետի ընդլայնված կազմով նիստում։
Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը:
Լրատվամիջոցի զրուցակիցներն ասել են, որ Իսրայելը դժվար թե համաձայնվի ծրագրի բոլոր պայմաններին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Գազայի դաշտային ռազմական կառավարմանը։
Քնեսեթի պատգամավոր Դեննի Դանոնը հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է քննարկել առաջին փուլը, որը բաղկացած է իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու կետից։
«Մենք վճռական ենք անել այնպես, որ ՀԱՄԱՍ-ը չդառնա Գազայում ապագա որևէ համաձայնության մաս»,- ասել է նա։
Եգիպտական ծրագիրը բաղկացած է երեք մասից։ Առաջին փուլը ներառում է հումանիտար զինադադար երկու շաբաթով՝ ևս երկու-երեք շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի 40 իսրայելցի պատանդի՝ կանանց ու երեխաների, ինչպես նաև տարեց մարդկանց։ Դրա դիմաց Իսրայելը պետք է ազատի 120 պաղեստինցի բանտարկյալի, իսկ Գազայի հատվածում բացի ճանապարհը հումանիտար օգնության ու վառելքի համար։ Երկրորդ փուլը ներառում է պաղեստինյան ազգային երկխոսության մեկնարկը՝ «վերջացնելու բաժանումը» և ձևավորելու «տեխնոկրատների կառավարություն»՝ հող նախապատրաստելով Պաղեստինում ընդհանուր նախագահական ընտրությունների համար։
Add new comment