սվա

Երևանի և Բաքվի միջև ցանկացած պայմանավորվածություն կլինի ոչ թե խաղաղություն, այլ հրադադար պատերազմների միջև. Սերգեյ Մելքոնյան

Պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է Իսլամական Հանրապետության Լրատվական Գործակալությունում (IRNA) լույս տեսած «Թուրքիայի և Ադրբեջանի նոր նպատակները Հարավային Կովկասում» վերտառությամբ իր հոդվածից հատվածներ։

«Ներկայացնում եմ հոդվածի հիմնական կետերը.

•Իր կազմավորումից ի վեր 30 տարի Ադրբեջանն իր պետական ինքնությունը կառուցել է Հայաստանի հանդեպ անտագոնիզմի և ատելության վրա։ Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ընդամենը մի փոքրիկ դետալ էր։ Այն բանից հետո, երբ Ալիևը Շուշիում, ապա Ստեփանակերտում բարձրացրեց Ադրբեջանի դրոշը, նա կատարեց իր «պատմական առաքելությունը»։ Պետության հիմք հանդիսացող հակահայկական պատումը պահպանելու, ինչպես նաև իշխող վերնախավի շուրջ հասարակության համախմբումը շարունակելու համար Ալիևը պետք է նոր գլոբալ նպատակներ դներ:

•2020 թվականի պատերազմից հետո Բաքուն սկսել է օրակարգ մտցնել «Զանգեզուրի միջանցք» և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները։ Դրանք երկուսն էլ էքսպանսիոնիստական բնույթ ունեն և աջակցվում են Թուրքիայի կողմից։

•«Զանգեզուրի միջանցք» ծրագիրն առանցքային և կարճաժամկետ ծրագրերից է։ Այն նախատեսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ Հայաստանի տարածքով, ինչը պաշտոնապես արձանագրված է 2021 թվականի Շուշիի հռչակագրում Բաքվի և Անկարայի միջև։ Այս նախագիծը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավարությունը։ Դա նաև առաջնահերթություն է Ադրբեջանի համար։

•Բաքուն շարունակում է ակտիվորեն կերտել «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը։ Ըստ այդ պատումի՝ ժամանակակից Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է։ Հասարակական գիտակցության մեջ դա տեղի է ունենում հետևյալ կերպ. նախ, պետական ալիքները Հայաստանի տարածքից լուսաբանում են լուրեր և եղանակի կանպատեսումներ որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ պետական կառույցների պաշտոնյաները պաշտոնական հայտարարություններում օգտագործում են միայն ադրբեջանական տեղանուններ, հիդրոնիմներ և այլ պիտակներ։ Երկրորդ՝ պատրաստվում են համապատասխան ենթակառուցվածքը՝ ի դեմս «Արևմտյան Ադրբեջանի համայնքի»։ Այն ուղիղ պետական աջակցություն է ստանում նախագահ Ալիևից։ Հասարակական գիտակցության մեջ այսպես է կառուցվում էքսպանսիոնիստական նոր պահանջ։

•Հետևաբար, Երևանի և Բաքվի միջև ցանկացած պայմանավորվածություն կլինի ոչ թե խաղաղություն, այլ հրադադար պատերազմների միջև։ Բաքվի և Անկարայի էքսպանսիոնիզմը կարող է զսպվել միայն ուժերի հավասարակշռության հաստատմամբ։ Ուստի Հայաստանի կողմից պաշտպանական նպատակներով զենք գնելը սուր արձագանք է առաջացնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Չնայած դրան, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը Բաքվի և Անկարայի էքսպանսիոնիստական ծրագրերի մեղմացումն ու զրոյացումն է։

Հ. Գ. Հոդվածը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին։ 10 օր անց՝ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Միլի մեջլիսն այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հայտարարություն է ընդունել»։ 

 

Add new comment