+

Երուսաղեմի հայկական թաղամասը հարձակման է ենթարկվել, կան վիրավորներ

Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը:

Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար: Այսպես են արձագանքում ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը իրավական ընթացակարգերին։ Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է», - նշել են պատրիարքությունից՝ հավելելով, որ եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները, տեղի հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար:

Պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը բռնի կործանումից:

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար: Հարձակումները կարծես թե վերջ չունեն: Իսրայելը օրենքի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել ու անպատիժ մնալ»,-ասված է հայտարարությունում։

 

Add new comment