ԱՄՆ-ն կրկին կպարտվի, եթե վերադառնա Պարսից ծոց. ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ ամերիկացիները կրկին կպարտվեն, եթե վերադառնան Պարսից ծոց: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Թանգսիրին շեշտել է, որ Իրանը հպարտ է, որ չունի վախ Միացյալ Նահանգներից, որն իրեն համարում է աշխարհի տիրակալը։ Նրա խոսքով՝ Իրանը ծնկի չի գա ԱՄՆ-ի առաջ, ինչպես դա չի արել նախկինում։
«Եթե ամերիկացիները կրկին վերադառնան Պարսից ծոց, ապա նրանց սպասվում է հերթական ձախողումը, քանի որ նրանք նախկինում պարտվել են, և հեղափոխության մոլեգին երեխաները վախ չունեն»,- նշել է նա։
Թանգսիրին շեշտել է, որ Իրանի ժողովուրդն Իսլամական հեղափոխությունից հետո 44 տարվա ընթացքում զոհաբերել է իր կյանքը և կրկին կանգնելու է թշնամիների դեմ։ Նա նաև բարձր է գնահատել իրանցի նահատակների զոհաբերությունը երկրի պաշտպանության գործում։
Անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարբեր, հատկապես ռազմական ոլորտում Իրանի արձանագրած զգալի աճին՝ Թանգսիրին ասել է, որ թշնամին այլևս չի կարող վնասել Իրանին։ «Մենք հաստատակամորեն պաշտպանում ենք մեր իրավունքները Պարսից ծոցում և մյուս ծովերում»,- եզրափակել է նա։
Add new comment