սց

Իրանը փորձում է առավելագույնս օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից և ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է Իրանի ԱԳ նախարար Հ. Ամիր Աբդոլլահիանի Հայաստան այցի առանձնահատկությունները:

«Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի, անցկացրած հանդիպումների համատեքստում կարելի է առանձնացնել մի շարք կարևոր արձանագրումներ։

1. Իրանը փորձում է առավելագույնս օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից և ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում։ Մասնավորապես, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորացող խնդիրները, դրանով նաև Ռուսաստանի ազդեցության նվազումն ամբողջ տարածաշրջանում, Իրան-ԵԱՏՄ համագործակցության խորացումը, Թուրքիայի շարունակվող միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և Հայաստանի նկատմամբ չդադարող երկկողմ սպառնալիքները, Արևմուտքի դիրքերի ամրապնդման քայլերը Վրաստանում առաջացրել են քաղաքական ազդեցության որոշակի վակուում նաև մեր տարածաշրջանում, որի համար փորձում է պայքարել նաև Իրանը։

2. Տարածաշրջանում ամրապնդվելու համատեքստում առաջին հերթին տարածաշրջանային մրցակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի հետ մրցակցությունը կառավարելու նպատակով Իրանն առաջ է մղում «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար ամենաբարենպաստ միջավայր։ Դրանով Թեհրանը, բնականաբար, փորձում է կանխել իր համար ռազմավարական նշանակության մեկ այլ  խնդիր՝ սեփական հարևանությամբ Արևմուտքի դիրքերի մարապնդման նպատակային ջանքերը։

3. Հայաստանում ազդեցության աճի նպատակով Իրանը փորձում է կիրառել փափուկ ուժն ու քաղաքական հռետորաբանությունը՝ բարձրաձայնելով տևական ժամանակ կանգնեցված էներգետիկ նախագծերի իրականացման, ենթակառուցվածքների կառուցման մասին, հերթական անգամ ընդգծելով Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և այլն։

Աշխարհում և տարածաշրջանում շարունակվող և ավելի ու ավելի խորացող դիմակայություն/մրցակցությունը նոր մարտահրավերներ, բայց նաև հնարավորություններ է ստեղծում գրեթե բոլոր դերակատարների համար։ Որոշները կարողանում են օգտվել ստեղծված իրավիճակից, որոշները՝ տանուլ տալիս։ Իրանի դեպքում՝ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ազդեցության նվազում արձանագրող Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային կովկասում»։

 

Add new comment