Կանանց զինծառայությունից՝ զենքի գնում. 2023-ը ՀՀ զինված ուժերում
44-օրյա պատերազմից հետո ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակները սկսեցին խոսել բանակի զորքերի մարտունակության բարձրացման և վերազինման անհրաժեշտության մասին: Ի՞ նչ է արվել այդ ուղղությամբ 2023 թվականին: «Դետք»-ը ամփոփել է անցնող տարում ՀՀ զինված ուժերում կատարված և նախատեսվող ծրագրերը:
Դեռևս տարեմուտի իր ուղերձում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ բանակաշինության ընթացքը պետք է դարձնել ավելի արդյունավետ, զինծառայությունը՝ ավելի գրավիչ ու շահավետ: Դրանից օրեր անց տեղեկություն տարածվեց, որ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող իգական սեռի ներկայացուցիչներին կամավորության սկզբունքով բանակ զորակոչելու հարցը։
Այս նորամուծության մասին Հունվարի 28-ի իր ուղերձում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր, որ առաջիկայում ծրագրում են բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում:
Փետրվարին հանրային քննարկման դրվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» օրինագիծը, որն անդրադառնում է իգական սեռի քաղաքացիների զինվորական ծառայությանը։ Ապրիլի 21-ի Կառավարության նիստում նախագիծը հավանություն ստացավ և ուղարկվեց Ազգային ժողով։
Ծրագիրն արդեն կյանքի է կոչվել՝ 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները կամավոր հիմունքներով կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Ծրագրի մասնակիցները ծառայելու են բացառապես ուսումնական զորամասում։
Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար, 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում՝ ստացված չափով։
6-ամսյա ժամկետը լրանալուց հետո մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության, այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում էր բանակում կիրառվող համազգեստի ու հանդերձանքի բոլոր տեսակների փոփոխությանը: ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ, վարչության պետ Արամ Պողոսյանը հայտնել էր, որ վերջին անգամ համազգեստը փոխել են 10 տարի առաջ և զինծառայողներին առավել հարմարավետ, նորարարական լուծումներով հագուստ տրամադրելու նպատակ ունեն:
Նա նաև նշել էր, որ նախատեսվում են համազգեստի ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային, որտեղ պետք է գերակշռի պատմական հայկական սիմվոլիկան. «Տարբերանշանների ավելի ազգային մոտիվներով խորհրդանիշները հայկականացվելու են»:
Զուգահեռաբար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել էր նաև զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստի ապօրինի կրման համար վարչական պատասխանատվության սահմանման հարցը:
Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվելու է լրացում, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներդրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այն իրենից ենթադրում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից անցում պայմանագրային զինվորական ծառայության, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի։ Ինչպես նաև կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությանը կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու հանգամանքին, այդ զինծառայողներին կտրամադրվի պատվովճար՝ 5 միլիոն դրամ, որը զինծառայողը կամ քաղաքացին կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ առանց որևէ պարտադիր պայմանի։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի նախագիծն ընդունվեց Կառավարության կողմից 2023 թ. փետրվարի 9-ին և ուժի մեջ մտավ 2023 թ. փետրվարի 10-ին։
2023 թ. փետրվարի 9-ի Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց «Բանակում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների որակավորման կարգը», որի արդյունքներով հաշվարկվելու են նաև զինծառայողներին տրվող հավելավճարների չափերը։ Ատեստավորումը նախատեսվում է իրականացնել պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոնում, 10 հանձնաժողովի միջոցով։ Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատում, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատում։ Ատեստավորման մաս կազմող թեստային առաջադրանքը բաղկացած է 50 հարցից։
Մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցին ոչ ճիշտ պատասխանելու դեպքում զինծառայողը ստանում է «անբավարար», 30-ից մինչև 34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «բավարար», 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «լավ», իսկ 45 և ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «գերազանց» գնահատական։ Ատեստավորում չանցած զինծառայողները տարվա ընթացքում կարող են թեստավորում անցնել ոչ ավելի, քան երկու անգամ մեկ տարվա ընթացքում։ Իսկ ատեստավորման անբավարար գնահատական ստանալու դեպքում զինծառայողների գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չի կնքվի։ Հատկանշական է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդունելի է համարում զինծառայողների հետ պայմանագրի լուծարման տարբերակը՝ միաժամանակ ունենալով զինված ուժերի համալրման խնդիր։
Զինված ուժերին վերաբերող օրենսդրական ևս մեկ նախաձեռնություն իրականացվեց տարեվերջին: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ այդ օրենսդրական նախաձեռնության՝ 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած երիտասարդներին հնարավորություն է տրվում ազատվեու քրեական պատասխանատվությունից՝ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2.5 միլիոն դրամ, երրորդ՝ 6 ամիս ծառայելով և վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ 1 ամիս ծառայելով և վճարելով 10 մլն դրամ, և վերջինը՝ վճարելով 15 մլն դրամ։
Անցնող տարին ՀՀ զինված ուժերի համար նշանակալի էր սպառազինության ձեռքբերման տեսանկյունից: Դեռ տարեսկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե 2023 թվականը պետք է լինի «բանակի ողնաշարը շտկելու տարի»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ միջոցներ են ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:
Տարվա ընթացքում հայտնի դարձավ, որ զինված ուժերը վերազինելու նպատակով Հայաստանը Հնդկաստանից գնելու է որոշ զրահատեխնիկա, որը ներկայացրել ենք մեր հրապարակումներում:
Հայ վերլուծաբանները, ի դեմս Հնդկաստանի, խիստ օպտիմալ ռազմատեխնիկական գործընկեր են տեսնում. երկիրը խորհրդային/ռուսական սպառազինության և արևմտյան համակարգերի շահագործման ու համադրման հարուստ փորձ ունի։ Բացի դրանից՝ վերջին տարիներին այդ հարթակների հիման վրա Հնդկաստանը սեփական սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակում և արտադրություն է սկսել։ Այդ տեսանկյունից Հայաստանի համար, որի զինանոցը կազմված է հիմնականում ռուսական սպառազինությունից, Հնդկաստանի ընտրությունը բավականին հաջող է։
Հրապարակումներ եղան ATAGS ինքնագնաց հաուբիցների, միջին հեռահարության MRSAM զենիթահրթիռային համալիրների, 155 մմ-անոց MArG հաուբիցների և այլ զինատեսակների գնման գործարքների վերաբերյալ: 2023 թ. մարտին Հնդկաստան այցելեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։
Զուգահեռաբար պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ, մասնավորապես ռազմական տեխնիկայի մատակարարման ու հայկական ստորաբաժանումների՝ Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից պատրաստման մասին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցը և դրա արդյունքները լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ներում։
Ֆրանսիական կողմն էլ հայտնեց, թե ինչի շուրջ են պայմանավորվել կողմերը: Ըստ այդմ՝ Հայաստանը ֆրանսիական «Թալես» ընկերությունից ձեռք է բերում երեք «GM 200» ռադար, Հայաստանը ստորագրել է «Mistral» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մտադրության արձանագրություն, Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են ՀՕՊ-երի վերաբերյալ մտադրությունների մասին հուշագիր, Ֆրանսիան Հայաստանի ՀՕՊ-ի աուդիտ կիրականացնի:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից 400 մլն դոլարի զենքի գնմանը, որն այդպես էլ Հայաստան չի մատակարարվել, իշխանության տարբեր պաշտոնյաներ տարվա ընթացքում անդրադարձան խնդրին՝ նշելով, որ դեռ սպասում են այս սպառազինության մատակարարմանը: Իսկ տարեվերջին խնդրին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ խնդիրներ կան, բայց տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով դրանք լուծել։ Ըստ վարչապետի՝ տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարի չափով ՌԴ-ին ՀՀ ունեցած պարտքից նվազեցումը։ «Սա միակ տարբերակը չէ, տարբերակներից մեկն է։ Բայց գիտեք՝ ՌԴ-ն ինքն էլ սպառազինության կարիք ունի։ Մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային, և, հուսով եմ, քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների»,- հայտարարել էր Փաշինյանը։
Add new comment