Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները
Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար: Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ամենայն ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- հայտնել են հյուպատոսությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ին, մոտ 30 ահաբեկիչ` սև հագուստով ու դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով, հարձակում էր գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:
Հարձակման ժամանակ նրանք քարեր էին շպրտել հայերի ուղղությամբ: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հոգևորականները մարտի էին բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող Հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:
Add new comment