Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում. Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «Minval» լրատվական գործակալությունը։
Հաջիևը միևնույն ժամանակ շեշտել է, որ հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ գործընթացն ավարտին հասցնելու համար։ Նա վստահեցրել է՝ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին:
«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը:
Սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ, այն միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,- ընդգծել է Հաջիևը։
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է՝ պայմանագիրը թույլ կտա բացառել երկու երկրների միջև հետագա ռազմական առճակատման, պատերազմների և վայրագությունների տարրը։
Add new comment