Հայաստան-Թուրքիա հարաբերություններ (2023 թ. ամփոփում)
2023 թ. Հայաստանն ու Թուրքիան շարունակել են երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորմանը միտված գործընթացը:
2023 թ. հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները:
2023 թ. փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին:
ՀՀ վարչապետի որոշմամբ 2023 թ. փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամ և ՀՀ ԱԳՆ մեկ աշխատակից գործուղվել են Թուրքիայի Ադըյաման քաղաք և մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Որոնողափրկարարական թիմը փետրվարի 16-ին Մարգարա-Ալիջան սահմանակետով վերադարձել է Հայաստան:
2023 թ. փետրվարի 11-ին 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական բեռով 5 հայկական բեռնատար հատել է հայ-թուրքական սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի։
2023 թ. փետրվարի 14-ին ՀՀ-ն 2 բեռնատարով (12 տոննա) երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա՝ կրկին Մարգարայի կամրջով։
2023 թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքիա: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակությանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարն այցելել է երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ հանդիպել է ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման ընթացքին:
2024 թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին հյուրընկալել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Քասափօղլուն:
2023 թ. մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում մասնակցել է ՍԾՏՀԿ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հետ:
2023 թ. հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում մասնակցել է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:
2023 թ. հունիսի 7-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
2023 թ. հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։
2023 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումները և օրակարգային թեմաներ:
2023 թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային ընթացիկ և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:
Add new comment