Իտալիան տանկեր չի մատակարարի Ուկրաինային

Իտալիան տանկեր չի մատակարարի Ուկրաինային

Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ իր երկիրը տանկեր չի մատակարարի Ուկրաինային։ Այս մասին Տայանին ասել է իտալական «Rai Italia» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք միշտ պաշտպանական զենք ենք ուղարկել Ուկրաինա, ոչ թե հարձակողական, մենք տանկեր չենք ուղարկել և չենք ուղարկելու»,- ասել է նա։

Տայանին շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել էլեկտրական նյութերի մատակարարումը՝ Ուկրաինայի էլեկտրացանցը վերականգնելու համար։

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները կմեկնարկեն այս տարվա ընթացքում։

«Իրավիճակի սրման և վատթարացման վտանգը չի կարելի թերագնահատել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկխոսության դուռը չփակվի, և մենք պետք է աջակցենք բոլոր նրանց, ովքեր կարող են դերակատարում ունենալ կարգավորման հարցում»,- ասել է իտալացի պաշտոնյան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տայանին հայտնել էր, որ Իտալիան Կիև է ուղարկել մինչև 1 միլիարդ եվրոյի սպառազինություն։

Add new comment