Նեթանյահուի խայծը. Իսրայելն ինչո՞ւ կարող էր սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Բեյրութում
Երեքշաբթի Բեյրութում իսրայելական հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը մեծ արձագանք գտավ Մերձավոր Արևելքում: Թեև արդեն մոտ երեք ամիս է՝ ամեն օր հարյուրավոր մարդիկ են սպանվում, վերջին նպատակային սպանությունը ցնցող ալիք է բարձրացրել՝ բացելով հին վերքերը և առաջացնելով հակամարտության սրման վախ:
Զոհերի թվում են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարները: Ամենահայտնին Սալեհ ալ-Արուրին էր՝ «Քասամ» բրիգադների նախկին առաջնորդը և ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամը, որը համակարգում էր խմբավորման ռազմական ու քաղաքական գործունեությունը Գազայի հատվածից դուրս՝ հավաքելով քաղաքական և ֆինանսական աջակցություն: Հաղորդվում է, որ Արևմտյան ափին ծնված Ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի ամենահայտնի առաջնորդներից մեկն էր պաղեստինյան ՖԱԹՀ-ի գլխավորած հատվածներում, և նրա հեղինակությունը կարող էր աճել հոկտեմբերի 7-ից հետո:
Զոհվել են բարձրաստիճան զինվորականներ Սամիր Ֆինդին և Ազամ ալ-Աքրաան, ինչպես նաև չորս այլ օպերատիվ աշխատակից։
Սպանությունը կրում էր մարդկային բարձրարժեք թիրախների իսրայելական դասական հեռահար նպատակային ոչնչացման բոլոր նշանները: Ալ-Արուրին և նրա ուղեկիցները սպանվել են հարվածի հետևանքով։ Գործողությունն ապշեցուցիչ նմանություն ուներ ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից և խմբավորման հոգևոր առաջնորդ Ահմադ Յասինի սպանությանը, որը սպանվել էր Գազայի փողոցներից մեկում հակատանկային կառավարվող հրթիռով:
Փոխվում են ժամանակներն ու տեխնոլոգիաները, փոխվում են նաև Իսրայելի հնարավորությունները: 2004 թվականին շեյխ Յասինին սպանելու համար զրահապատ հակատանկային «AH-64 Apache» ուղղաթիռը պետք է անցներ 2 կմ հեռավորության (1.2 մղոն): Նույն խնդիրն այժմ կատարում են ավելի անաղմուկ, փոքր անօդաչու թռչող սարքերը, որոնց ավելի դժվար է լսել ու տեսնել, և նոր սերնդի հրթիռները: Բեյրութում կիրառված ու դեռևս չբացահայտված համադրությունը կարծես թե եղել է Իսրայելի ստեղծած համակարգ, այն է՝ «Hermes» անօդաչու թռչող սարք և «Nimrod» հրթիռ:
Հարձակումը նաև տհաճ հիշողություններ է արթնացրել Բեյրութում նախորդ ռազմական ներխուժումների և գործողությունների մասին, որոնք Իսրայելը կատարել է՝ պատժի չարժանանալով: Ամենաաղմկահարույց գաղտնի սպանություններից մեկը տեղի ունեցավ 50 տարի առաջ՝ 1973 թվականի ապրիլին, երբ իսրայելական հրամանատարական խումբը վայրէջք կատարեց Բեյրութի լողափում և սպանեց պաղեստինցի երեք բարձրաստիճան ղեկավարի: Իսրայելական թիմում ընդգրկված էր ապագա վարչապետ Էհուդ Բարաքը, որը հագել էր երիտասարդ կնոջ զգեստ ու դիմահարդարված էր:
Երեքշաբթի տեղի ունեցած սպանությանը զուգահեռ՝ գլխավոր թիրախը եղել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Հորդանան գետի արևմտյան ափի ռազմական առաջնորդ Քամալ Ադվանը:
Իսրայելը տարիներ անց պտուղներ քաղեց «Երիտասարդության գարուն» կոչվող գործողությունից, քանի որ այն այնքան խորը բևեռացրեց Լիբանանը, որ դրդեց վարչապետ Սաեբ Սալամի հրաժարականին, որին հաջորդեցին զինված բախումներ պաղեստինամետ խմբակցությունների և նրանց հակառակորդների միջև: Անվստահության, չկատարած խոստումների, կեղծ հավատարմությունների և ներքին կռիվների երկու տարվա ընթացքում Լիբանանը մտավ արյունալի և սպառիչ քաղաքացիական պատերազմի մեջ, որն ավարտվելու էր միայն 1990 թվականին: Իսրայելն օգտագործեց ներքին պայքարն իր նպատակների համար՝ բորբոքելով պատերազմի ցանկությունը, զինելով վստահված անձանց և խրախուսելով ջարդեր, ինչպիսիք են Սաբրայում և Շատիլայում 1982 թվականին տեղի ունեցածները:
Անցյալի օրինակները սարսափելի են, բայց պատմությունը միշտ չէ, որ պետք է կրկնվի, հատկապես նրանց համար, ովքեր դասեր քաղում են անցյալից:
Վերլուծաբանի կողմից տրվող առաջին հարցերն են՝ ինչո՞ւ նա, ինչո՞ւ հիմա և ի՞նչ կլինի հետո:
«Ինչո՞ւ նա»-ն ինչ-որ առումով վիճելի հարց է, բայց այն դեռ պետք է տալ: Սկզբունքորեն Իսրայելը ցանկանում է վերացնել ՀԱՄԱՍ-ի հնարավորինս շատ բարձրաստիճան պաշտոնյաների հոկտեմբերի 7-ից հետո, հավանաբար, ավելի վճռականությամբ: Ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա էր, ազդեցիկ և ընդունակ, տարբերվում էր բարձրագույն ղեկավարության մյուս անդամներից, ըստ տեղեկությունների, անկախ մտածողությամբ:
Երկար ժամանակ ապրելով Պաղեստինից դուրս՝ Թուրքիայում և Լիբանանում, նա զարգացրել է իր միջազգային կապերն ու ծանոթությունները։ Իսրայելն իր գերազանց հետախուզությամբ պետք է տեղյակ լիներ նրա հնարավորությունների և, հավանաբար, ծրագրերի մասին, որոնք դեռևս հայտնի չեն հանրությանը: Եթե Ալ-Արուրին սպանվել է ինչ-որ քաղաքական պատճառով, դա հավանաբար կարող է լինել այն, որ նրա սերտ և հաճախակի անմիջական շփումները «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի և Հարավային Բեյրութում ներկա, Իրանի քաղաքական և ռազմական բազմաթիվ ներկայացուցիչների հետ խորանում էին: Նա հավանաբար ամեն օր գործ էր ունենում այս գործիչների հետ՝ որպես վստահելի գործընկեր: Այդ դերում ՀԱՄԱՍ-ի համար դժվար կլինի անմիջապես փոխարինել նրան։
«Ինչո՞ւ հիմա»-ն թերևս հիմնական հարցն է: Կասկած չկա, որ Իսրայելն անմիջապես տեղյակ է եղել 2015 թվականին՝ տարիներ շարունակ տեղափոխվելուց հետո, Բեյրութում նրա հաստատվելու մասին. թեև ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները հետևում են անվտանգության խիստ կանոններին, նրանք, անկասկած, ավելի հանգիստ էին մինչև հոկտեմբերի 7-ը, և ավելի վաղ նրան սպանելու շատ հնարավորություններ կային:
Ե՛վ «Հիզբոլլահը», և՛ նրա պաշտպան ու հովանավոր Իրանը ցուցաբերել են ուշագրավ զսպվածություն և քաղաքական համբերություն՝ չշտապելով հարձակվել Իսրայելի վրա այն բանից հետո, երբ վերջինս սկսեց ռմբակոծել, ապա հարձակվել Գազայի վրա: Իսրայելի նախնական հաշվարկը պետք է հաշվի առներ «Հիզբոլլահի»՝ երկրորդ ճակատ բացելու հնարավորությունը, սակայն հյուսիսում գրեթե երեք ամիս հարաբերական անդորրից հետո իսրայելական ուժերը թույլ տվեցին իրենց զորացրել հինգ բրիգադ՝ ակնհայտորեն համոզված լինելով, որ ինչ պատերազմ էլ որ սկսվեր ապագայում, այն լայնածավալ բնույթ չէր կրի։
Սակայն իսրայելցի շատ հայտնի քաղաքական գործիչներ, գեներալներ և ազդեցիկ անձինք զգուշացնում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն գեներալների հետ աչքով աչք չունի: Ավելի շուտ, նա տեսնում է, որ պատերազմի շարունակությունը բխում է իր անմիջական շահերից:
«Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ այս պատերազմն ավարտվի։ Քաղաքական առումով Նեթանյահուն մեծ խնդիր ունի(պատերազմի ավարտի հաջորդ օրը), քանի որ հենց այդ ժամանակ կսկսվեն հետաքննություններn իսրայելական կողմի ձախողումների վերաբերյալ»,- նախազգուշացրել է իսրայելցի, խաղաղության նախկին բանակցող Դանիել Լևին օրեր առաջ:
Եթե վախենում եք պատերազմի ավարտից, ինչո՞ւ այն չերկարացնել: Ինչո՞ւ հյուսիսում չբացել ևս մեկ ճակատ, ունենալ ավելի շատ համազգեստով տղամարդիկ և կանայք: Ինչո՞ւ չօգտագործել հարմար առիթը՝ երկարացնելու այն մթնոլորտը, որում ամենահեռավոր աջաթևյան քաղաքական գործիչները, ինչպիսին ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն է, կարող են շարունակել պաշտպանել այնպիսի ծայրահեղ տեսակետներ, ինչպիսիք են պաղեստինցիների վտարումը Գազայից և փոխարենը իսրայելցիների վերաբնակեցումը: Այս ամենը համապատասխանում է Իսրայելի վարչապետի պահվածքին, ասում են Նեթանյահուի փորձառու դիտորդները:
Այժմ մեծագույն հարցն այն է, թե արդյոք «Հիզբոլլահը» կուլ կտա՞ ակնհայտ խայծը: Հաղորդվում է, որ չորեքշաբթի Բեյրութ է մեկնել Իրանի բարձրագույն պատվիրակությունը, որի կազմում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի բարձրաստիճան գեներալ: Նասրալլան, ըստ երևույթին, չեղյալ է հայտարարել հինգշաբթի նախապես հայտարարված իր ելույթը՝ չորեքշաբթի հրապարակելով ձայնագրված ուղերձ, որում նա կրկնել է իր սովորական նախազգուշացումները «Հիզբոլլահի» թշնամիներին, բայց առանց որևէ կոնկրետ որոշում բացահայտելու: Նա այժմ վստահաբար խորհրդակցում է իր իրանցի դաշնակիցների հետ՝ Բեյրութում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ «Հիզբոլլահի» վերջնական արձագանքի շուրջ:
«Ի՞նչ կլինի հետո»-ի պատասխանը կարող է ի հայտ գալ այդ հանդիպումների արդյունքում։
Add new comment