01

Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե արձանագրած հաջողությունների հիմքում բացառապես Ալիևն է․ Տիգրան Աբրահամյան

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել, որով Ադրբեջանն ընդգրկվել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ Ադրբեջանը 2020 թվականից հետո, տարբեր ուղղություններով ու դրվագով ռազմական հանցագործություններ է գործել, արդեն բոլորին է հայտնի, սակայն շատ ավելի խնդրահարույց է, որ դրանք տարբեր փուլերում անտեսվել կամ ներվել են միջազգային դերակատարների կողմից, և տարբեր պատճառներով պայմանավորված՝ հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկվում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի քարոզչական ալիքներն այս թեմայով մեծ աղմուկ են բարձրացրել` ԱՄՆ-ին ու կոնկրետ պետքարտուղարին մեղադրելով զեկույցում տեղ գտած ձևակերպումների համար:

Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերջին ժամանակներս արձանագրած հաջողությունների հիմքում բացառապես նախագահ Ալիևն է, ու սա այն դեպքում, որ ի սկզբանե պարզ էր, որ առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության և աշխարհաքաղաքական դերակատարների լռության իր մոտ որևէ լուրջ առաջընթաց չէր լինի:

Հայաստանի իշխանության գոյությունն արդեն իսկ Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է, մնացած գործոններն էլ արդեն սրան ածանցվող են»,- նշել է նա:

Add new comment