Իրանը ցանկանում է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Իրանի և Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, իրանագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Երևանին զինտեխնիկա մատակարարել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Շաֆիեն ասել է «News.am»-ին տված հարցազրույցում։
Իրանագետը պարզաբանել է, որ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հենց Հայաստանի ցանկությունը։ «Որքանով կարելի է դատել, Հայաստանն ինքն այնքան էլ շահագրգռված չէ իրանական ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ»,- ասել է նա։
Ղոդրաթոլլահ Շաֆիեն ենթադրել է, որ դա պայմանավորված է եվրոպացիների և ամերիկացիների հետ հարաբերությունները փչացնելու Երևանի մտավախությամբ։ Նա նաև չի հավատում, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Իրանն իր զորքերը կուղարկի օգնելու։
«Իրանցի զինվորները երբեք չեն կռվել այլ երկրում, այդ թվում՝ Եմենում, որտեղ կռվում են հութիները, կամ Լիբանանում, կամ Սիրիայում։ Այս բոլոր դեպքերում խոսքը Իրանից ստացված ռազմական տեխնիկայի ու հետախուզության մասին է, բայց իրենք՝ Իրանի զինված ուժերը, չեն կռվում։
Ուստի Բաքվից Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքի դեպքում իրանցի զինվորները Հայաստանի համար չեն կռվի»,- ընդգծել է նա։
Փորձագետը նաև չի բացառել, որ Իրանը Հայաստանին անուղղակիորեն կօգնի։ «Հնարավոր է, որ իրանական ռազմական տեխնիկա օգտագործվի։ Բայց Հայաստանն ինքը պետք է պաշտպանի իր շահերը»,- եզրափակել է նա։
Add new comment