Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի հարաբերություններում վերջին ամիսներին պարբերաբար լարվածություն է նկատվում, ինչը մի շարք փորձագետների թույլ է տալիս կանխատեսել, որ լարվածությունն օրերից մի օր կհասնի ռազմական առճակատման։ Այս լարվածությունը, կարելի է ասել, իր գագաթնակետին է հասել հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումից հետո։
Հատկանշական է, որ հարձակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարել է և մինչև այժմ շարունակում է հայտարարել, որ դեսպանատան վրա ահաբեկչական հարձակում է իրականացվել, մինչդեռ իրանական կողմը պնդում է, որ հարձակումը չի կարող ահաբեկչություն համարվել, քանի որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հարձակումից անմիջապես հետո շտապել է տարհանել Թեհրանում իր դեսպանատան ողջ անձնակազմը՝ պնդելով, որ Իրանի իշխանություններն ի վիճակի չեն ապահովելու դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը։
Չնայած Իրանի մայրաքաղաքից Ադրբեջանի դեսպանատան տարհանումը չի նշանակում, որ Թեհրանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են, սակայն ամեն դեպքում այդ հարաբերությունների մակարդակն այս որոշման արդյունքում զգալիորեն իջեցվել է։ Մի շարք իրանագետներ այս զարգացումների համատեքստում կարծիք են հայտնում, որ Թեհրանից Ադրբեջանի դեսպանատան տարհանումը լավ հնարավորություններ է ստեղծում հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման համար։ Հարկ ենք համարում նշել, որ օրերս միջազգային հարաբերությունների գծով հայտնի իրանցի փորձագետ Դիակո Հոսեյնին Ադրբեջանի հակաիրանական հայտարարությունների ֆոնին հայտարարել է, որ Ադրբեջանի անկախության ճանաչումը վերջին երեք տասնամյակում Իսլամական Հանրապետության ամենամեծ սխալն է եղել, և առաջարկել, որ Թեհրանը կարող է ուղղել այդ սխալը՝ Հայաստանի հետ պաշտպանական համաձայնագիր ստորագրելով։
Բացի դրանից՝ Ադրբեջանի դեսպանատան տարհանման հարցում առկա է ևս մեկ ենթաշերտ, որը վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների պայմաններում ուշադրության չարժանացավ։ Առհասարակ միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված է, որ երկիրը մեկ այլ երկրից իր դիվանագիտական առաքելությունը հիմնական տարհանում է այն ժամանակ, երբ հստակ տեղեկություն ունի, որ տվյալ երկրի նկատմամբ հարձակում է իրականացվելու։ Այս վարկածը հաստատվեց անմիջապես հունվարի 29-ին, երբ Իրանի տարածքի նկատմամբ անօդաչու թռչող սարքերով հարձակում կատարվեց, որը թեև, Իրանի իշխանությունների պնդմամբ, հաջողվել է հետ մղել, սակայն զգալիորեն վնասել է Իսլամական Հանրապետության միջազգային հեղինակությանը։
Միևնույն ժամանակ կարևոր է նկատել, որ Ադրբեջանը Թեհրանից իր դեսպանատան տարհանման ֆոնին չի տարհանել Թավրիզում իր գլխավոր հյուպատոսարանի անձնակազմը։ Այս որոշումը տեղավորվում է Իրանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մեջ, որոնք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաթեթավորվում են տխրահռչակ «Հարավային Ադրբեջան» ձևակերպմամբ։
Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարմանը լավագույնս նպաստում է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելը, որն ամեն կերպ փորձում է դրդել Ադրբեջանին Իրանի հետ ռազմական բախման մեջ մտել, ինչը նրան թույլ կտա Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես զինադաշտ՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Այս սցենարը Հայաստանի Հանրապետության համար վատագույն տարբերակը կլինի, քանի որ Իրանին հարվածներ հասցնելու համար տարբեր պատրվակներով կթիրախավորվի նաև Հայաստանի տարածքը՝ առաջին հերթին Սյունիքի մարզը, որի անվտանգությունը նաև հենց այս պատճառով չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի համար։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը պարզապես լավ պատրվակ էր՝ դեսպանատան անձնակազմը տարհանելու և Իրանի իշխանությունների նկատմամբ հռետորաբանությունը կոշտացնելու համար։ Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում կողմերի միջև լարվածությունն առաջիկայում նույնպես կշարունակվի և նոր դրսևորումներ կունենա, սակայն առավել հավանական է, որ այն չի վերածվի ուղղակի ռազմական առճակատման։ Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակը լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, որը ճիշտ քաղաքականություն վարելու և Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու արդյունքում կարող է շատ լուրջ օգուտներ քաղել և ամրապնդել իր հարավային սահմանների անվտանգությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա Իրանի իշխանությունները նույնպես աջակցում են Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը, ինչի ակնհայտ դրսևորումն էր Հայաստանի դեմ հարձակումների ժամանակ Թեհրանի կոշտ դիրքորոշումը, ինչպես նաև նախորդ տարեվերջին Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելը։
#Դետքի_հետագծով
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
Add new comment