Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրաքյան Քուրդիստանը երբեք Իրանի դեմ սպառնալիքի աղբյուր չի լինի

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանը երբեք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքների հարթակ չի դառնա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Բարզանին այցելել է Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում Իրանի գլխավոր հյուպատոսություն՝ իր ցավակցությունները հայտնելու Իրանի ժողովրդին և ղեկավարությանն անցյալ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ, որոնց հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել։ «Մենք բազմիցս ասել ենք և այսօր ևս մեկ անգամ կրկնում ենք, որ երբեք սպառնալիքի աղբյուր չենք լինի մեր հարևաններից որևէ մեկի, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- նշել է նա։

Բարզանին Էրբիլում Իրանի հյուպատոսության պաշտոնյաներին ասել է, որ ահաբեկչությունը արմատախիլ անելու համար տարածաշրջանում համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն կա: Նա նաև բարձր է գնահատել Իրաքին և Քուրդիստանին Իրանի ցուցաբերած օգնությունը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում։

«Իրանը շատ է օգնել Իրաքին և Քուրդիստանին այն ժամանակ, երբ ԻՊ-ն հայտնվել և մեծացրել էր իր հզորությունը»,- ասել է Բարզանին:

Հիշեցնենք, որ 2023-ի մարտին Իրանը և Իրաքը ստորագրեցին անվտանգության մեծ պայմանագիր, որի համաձայն` Բաղդադի կենտրոնական կառավարությունը խոստացավ արմատախիլ անել ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են Իրանի տարածքին։ Իրանի իշխանությունները Բաղդադի կենտրոնական կառավարության պաշտոնյաներին և քուրդ պաշտոնյաներին կոչ են արել ավելին անել, որպեսզի ահաբեկիչները և նրանց բազաներն ամբողջությամբ տեղափոխվեն Իրանի սահմանին մոտ գտնվող տարածքներից:


 

Add new comment