Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան հուշագիր են ստորագրել Սև ծովում համատեղ ականազերծման վերաբերյալ
Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան Սև ծովի ականազերծման շուրջ եռակողմ համաձայնագիր են ստորագրել։
Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Այս նախաձեռնությունը բաց կլինի միայն այս երեք սևծովյան երկրների ռազմանավերի մասնակցության համար»,- նշել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին Ստամբուլում։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Թուրքիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարները, ինչպես նաև Բուլղարիայի պաշտպանության փոխնախարարը։
Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ երեք երկրների ռազմածովային ուժերն առաջիկայում հակաականային ծովային խումբ կստեղծեն, որը կզբաղվի Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Սև ծովի ջրերում ի հայտ եկած ականների հայտնաբերմամբ ու ոչնչացմամբ։
«Սա խաղաղ նախաձեռնություն է և ուղղված չէ որևէ երկրի դեմ»,- մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը՝ հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը։
Add new comment