մ

Եմենում հարվածները կենտրոնացել են օդանավակայանների և հութիների ճամբարների վրա

Եմենում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների իրականացրած ավիահարվածների հիմնական թիրախներից են եղել օդանավակայանները, այս մասին «Դետքը» տեղեկանում է CNN-ից՝ հղում անելով հութի պաշտոնյաներին։ Այսպես` հարձակման են ենթարկվել Արևմտյան Եմենի «Հոդեյդա» և «Թաիզ» միջազգային օդանավակայաններն ու հարակից տարածքները, ինչպես նաև Եմենի հարավարևմտյան շրջանները և հյուսիս-արևմուտքում գտնվող Աբս քաղաքը սպասարկող օդանավակայանը: Հեռուստաալիքը նշում է, որ հարվածներ են հասցվել նաև երկրի մայրաքաղաք Սանայից հյուսիս գտնվող Ալ-Դայլամի ավիաբազային և հյուսիսային Սաադա նահանգի հութիների ճամբարին։

ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ վարչակազմը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության սրման։ Եմենում հարվածներն ուղղված էին «խաթարելու հութիների կարողությունը»՝ շարունակելու հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա։ Միևնույն ժամանակ, հութիների կառավարության փոխարտգործնախարար Հուսեյն ալ-Էզզին սոցիալական ցանցերում գրել է, որ «երկիրը ենթարկվել է զանգվածային ագրեսիվ հարձակման, որը կատարվել է ամերիկյան և բրիտանական նավերից, սուզանավերից և ռազմական ինքնաթիռներից»։ Նա նախազգուշացրել է, որ ագրեսորները «պետք է պատրաստ լինեն վճարել ծանր գին և կրեն այս բացահայտ ագրեսիայի սարսափելի հետևանքները»:

Add new comment