Պայքարելու կամքը․ Վահան Զանոյեան․ «Առավոտ»
«Պատրաստվել պատերազմի»՝ նշանակում է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ժողովրդականություն չեն վայելում, հաջորդ պատերազմին այնքան պատրաստ լինելու համար, որ այն հնարավոր լինի հաղթել դեռևս չսկսված։ Հայաստանի համար դա է արդար ու կենսունակ խաղաղության հասնելու միակ ճանապարհը։
Ահա անհրաժեշտ միջոցառումների մասնակի ցանկը.
– Ազգային ռեսուրսների առյուծի բաժնի հատկացում պաշտպանությանը։ Սա կարող է առաջացնել ժողովրդականություն չվայելող քայլ կատարելու անհրաժեշտություն, այն է՝ որոշ միջոցներ քաղաքացիական նախագծերից ուղղել դեպի ռազմական ծրագրեր։
– Ազգային, քաղաքացիական և տարածքային պաշտպանական կարողությունների հզորացում՝ հաջորդ սերնդի տեխնոլոգիական պատերազմին պատրաստ լինելու համար:
– Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավում բոլոր հնարավոր միջոցներով` կազմակերպական կարողությունների հզորացման, արդիականացման, խորացված վերապատրաստումների, հրատապ կարիքներին նկատմամբ ուշադրության մեծացման, սահմանային դիրքերում պայմանների բարելավման:
– Հակառակորդի հավանական ագրեսիայի դեմ ժողովրդի, համախմբում և նախապատրաստում ՝ հոգեբանորեն և ֆիզիկապես:
Այս միջոցառումներից և ոչ մեկը չի ձեռնարկվում, համենայն դեպս այն չափով, որը պահանջվում է պատերազմական իրավիճակում գտնվող երկրում:
Այս դասերն այնքան ակնհայտ են և այնքան պարզ, որ դրանց մասին անգամ հիշատակելու կարիք չպետք է լինի։ Եվ այնուամենայնիվ, Հայաստանի իշխանության սխալներից շատերը բխում են դրանք անտեսելուց: Այդ դասերն են.
- Ցանկացած երկրի համար գրեթե անհնար է պաշտպանել իր սահմանները իր թշնամիների հետ բացառապես խաղաղության համաձայնագիր կնքելով: Ճշմարիտ է հակառակը. Եթե երկիրը սեփական ուժերով պաշտպանում է իր սահմանները, ապա կարող է խաղաղություն ունենալ: Անվտանգությունը կարող է խաղաղություն բերել, սակայն խաղաղությունը չի կարող անվտանգություն ապահովել։
- Երկու թշնամիներից ավելի ուժեղը, հատկապես՝ ծավալապաշտական հավակնություններ ունեցողը, չի համաձայնի խաղաղության, կամ ստորագրի որևէ փաստաթուղթ, որը սահմանափակում է ուժ կիրառելու իր ընտրանքը։ Իսկ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրի, ապա չի հարգի դրա պայմանները, քանի դեռ իր թշնամին թույլ է և խոցելի: Սա հավիտենական և համընդհանուր դաս է, որն այսօր անմիջականորեն առնչություն ունի Հայաստանի հետ:
- Անզիջում թշնամուն միակողմանի և անվերապահ զիջումներ անելը երբեք արդյունք չի տալիս: Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, հավանաբար, ամենակարևոր ռազմավարական սխալն էր, որից կարելի էր խուսափել, եթե այս դասն ըմբռնված լիներ։
- Լայնորեն ճանաչված արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ինքնորոշման իրավունքը և այլն, որևէ ազդեցություն չունեն այն պետությունների իրական արտաքին քաղաքականության ձևավորման վրա, որոնք պաշտպանում են դրանք: Այդ գործընթացում կարևորվում են ազգային և պետական շահերը։ «Արժեքները», եթե դրանք համապատասխանում են որդեգրված քաղաքականությանը, կարող են օգտագործվել այս կամ այն գործելակերպն արդարացնելու կամ երկրի բարոյական վարկանիշը բարձրացնելու համար: Բայց քաղաքականության մեջ դրանք որոշիչ դեր չեն խաղում: Լավ օրինակ է Արևմուտքի լռությունը ի դեմս Արցախի էթնիկ զտումների։ Սա թերևս ամենատեղին դասերից մեկն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքական առաջնորդ պետք է քաղի հայոց պատմությունից:
- Չափից ավելի կախվածությունը մեկ ռազմավարական դաշնակցից, հատկապես եթե դաշինքը միակողմանի է այն առումով, որ դաշնակիցներից մեկը շատ ավելի ուժեղ է, հետապնդում է բազմազան աշխարհառազմավարական շահեր և զգալիորեն ավելի շատ բան ունի դաշինքին տալու, քան դրանից ստանալու, վկայում է վատ արտաքին քաղաքականության մասին։ Այս տեսակ քաղաքականությունը վատն է, անկախ նրանից, թե ով է դաշնակիցը: Հայաստանի համար ԱՄՆ-ից միակողմանի գերկախվածությունը նույնքան անխոհեմ կլինի, որքան Ռուսաստանից միակողմանի գերկախվածությունն էր, թեև ռիսկերն ու կախվածության ձևերը կտարբերվեն։
Վահան Զանոյեան
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment