Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն արձագանքել է ֆրանսիական թերթում հրապարակված հոդվածին
«Մեր տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը»,- X-ի իր էջում գրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով ֆրանսիական «Le Figaro» թերթում հրապարակված` «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» վերտառությամբ հոդվածին։
«Դուք շարունակում եք գործել այնպես, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս է։ Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է արդար և կայուն խաղաղություն։ Աշխարհին ճշմարտություն է պետք, ոչ թե կեղծ պատմություններ»,- գրել է Աբդուլաևան։
«Le Figaro»-ն, մասնավորապես, գրել է, որ կովկասյան երկիրը ավտոկրատ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեծացնում է իր տեղեկատվական մանիպուլյացիաները՝ վարկաբեկելու Փարիզի հեղինակությունը, որը նա չի կարողանում ընդունել հայերին աջակցելու համար:
Թերթն ընդգծել է, որ Բաքուն «վհուկների որս» է սկսել Ֆրանսիայի դեմ՝ հիշեցնելով Բաքվում լրտեսության կասկածով ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանի կալանքը։ Ֆրանսիան «կամայական» է որակել վերջինիս կալանքը, ի պատասխան՝ Բաքուն Փարիզին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ և կոչ արել դադարեցնել այդ քայլերը։
Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածությունը սրվել է անցած ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունները երկրից արտաքսեցին երկու ֆրանսիացի դիվանագետի։ Ի պատասխան՝ Ֆրանսիան իր հերթին արտաքսեց ադրբեջանական դեսպանատան երկու աշխատակցի։
Add new comment