Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի և ՌԴ-ի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - ասվում հայտարարության մեջ։

Սերգեյ Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը` ի շահ իսկապես իրավահավասար բազմաբևեռ աշխարհի կառուցման։ 

Հաղորդվում է, որ երկու երկրները պատրաստվում են միջպետական համաձայնագիր ստորագրել։

Կողմերը նաև ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ` միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգմանը, ինչը կհաստատվի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրման պատրաստվող միջպետական ​​մեծ համաձայնագրում։

#Դետքի_հետագծով

Ռուսաստանի և Իրանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկու երկրների միջև ռազմական փոխգործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունն էլ ավելի խորացավ 2022-ի փետրվարից հետո, երբ Ուկրաինայում մեկնարկած պատերազմից հետո ՌԴ-ի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ սահմանվեցին։
 

Add new comment