Իրանի նախագահը պնդում է՝ Իսրայելին դիմակայելու միակ միջոցը դիմադրությունն է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ դիմադրությունը Իսրայելին դիմակայելու միակ միջոցն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Ռայիսին Իսրայելին մեղադրել է միջազգային բոլոր նորմերը և պայմանագրերը խախտելու մեջ։ Նրա խոսքով՝ Իսրայելը խախտել է ավելի քան 400 միջազգային բանաձև, պայմանագիր և հայտարարություն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ձեռնարկած միջոցները․ «Այսօր Պաղեստինում բոլորի համար պարզ է դարձել, որ սիոնիստական ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները յուրաքանչյուր միջազգային պայմանագրի կնքումից հետո»։
Իրանի նախագահը Պաղեստինն անվանել է մուսուլմանական աշխարհի գլխավոր առաջնահերթությունը։ Նրա համոզմամբ՝ Իսրայելի դեմ պայքարելու միակ տարբերակը դիմադրությունն է․ «հոսանք, որը գերիշխում է Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում և իսլամական աշխարհի այլ մասերում»։
«Իսրայելական ռեժիմին դիմադրությունը տվել է իր պտուղները երկօրյա, 22-օրյա, 33-օրյա և 100-օրյա պատերազմներում, քանի որ Պաղեստինը հաղթող դուրս եկավ, իսկ սիոնիստական ռեժիմն ու նրա դաշնակիցները պարտվեցին»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իսրայելն իսկապես վայրագություններ է իրականացնում Գազայի հատվածի խաղաղ բնակչության նկատմամբ՝ ձգտելով շրջանն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել։ Արևմտյան մի շարք երկրներ անտեսում են այս իրողությունը և իրենց շահերից ելնելով՝ աջակցում Իսրայելին, ինչն առաջացնում է Իրանի և բազմաթիվ իսլամադավան երկրների դժգոհությունը։
Add new comment