Վաշինգտոնը Իրանի հարվածներն Էրբիլի վրա անխոհեմ է որակել
Ամերիկյան կողմն անխոհեմ է անվանել Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած հարվածները։ Ըստ «Դետք»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնը։
«Մենք շարունակելու ենք գնահատել իրավիճակը, սակայն նախնական գնահատականն այն է, որ սա անխոհեմ և ոչ ճշգրիտ հարվածների շարք էր։ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա:
Ուոթսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շփվում է իրաքյան բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Քուրդիստանի պաշտոնյաների հետ։ «Մենք տեսանք հաղորդումներ և հրթիռներ, որոնք ընկել են Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Սիրիայում: Ամերիկյան ռազմական անձնակազմը կամ ամերիկյան ոչ մի կայանք չի տուժել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը նախօրեին հարձակվել են Էրբիլում իսրայելական լրտեսական կենտրոնների վրա։ Նշվել է, ոի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում սպանել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք պատասխանատու էին հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման համար։
#Դետքի_հետագծով
Ամերիկյան կողմը մտահոգված է Իրանի կողմից Իրաքի տարածքում իրականացված հարձակումների կապակցությամբ, քանի որ վերջինս սերտ կապեր ունի այնտեղ գործող հակաիրանական և ահաբեկչական խմբավորումների հետ։ Իրանը պնդում է, որ վերջիններս սպառնում են իր անվտանգությանը, ուստի քայլեր է ձեռնարկում այդ վտանգները չեզոքացնելու նպատակով։
Add new comment