Ֆրանսիայի Սենատը կքննարկի արցախահայության վերադարձի իրավունքի մասին բանաձևը
Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և ագրեսիայի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձևի նախագիծ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։
Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է երաշխիքներ ստեղծել, որպեսզի հայ բնակչությունը կարողանա վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Բանաձևը միևնույն ժամանակ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան, որի հետևանքով այն ամբողջովին հայաթափվեց։
Նկատենք, որ ադրբեջանական կողմն արդեն իր դժգոհությունն է հայտնել այս բանաձևի կապակցությամբ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, թե այն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, իսկ ֆրանսիական կողմը նման կերպ ձգտում է անկայունություն հրահրել։
#Դետքի_հետագծով
Չնայած չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտվեն և առարկայական գնահատական ստանան, սակայն նման բանաձևերն ունեն խորհրդանշական բնույթ և հիմնականում գործնական ազդեցություն չեն ունենում։ Ֆրանսիական կողմը պարբերաբար հանդես է գալիս նման նախաձեռնություններով, սակայն իրական քայլեր, օրինակ՝ Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ, որոնք կզսպեն Ադրբեջանի հավակնությունները, մենք այդպես էլ չենք տեսնում։
Add new comment