Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը:
Սա վտանգավոր երևույթ է ոչ միայն այն առումով, որ դիրքում ծառայության չիրականացումը թշնամու համար բարենպաստ հնարավորություն է ստեղծում կորուստներ պատճառելու և հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսանկյունից, այլ նաև` տվյալ դիրքի անձնակազմի միջև անառողջ մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, որը որոշ դեպքերում արտակարգ պատահարների է հանգեցնում:
Իշխանությունը որպես կանոն կենտրոնանում է հետևանքների վրա` ձերբակալություններ, պաշտոնանկություններ, նկատողություններ, տեղափոխություններ և այլն, իսկ բուն պատճառների վրա կենտրոնացում չկա, ըստ այդմ` նմանատիպ ողբերգությունները շարունակվում են:
Իսկ որո՞նք են պատճառները և ո՞ր ուղղությամբ պետք է գործի նորմալ պետությունը:
Դիրքում` բուն ծառայության պահին հաճախ հանդիպող քնելու դեպքերի ճնշող մեծամասնությամբ պայմանավորված են զինծառայողների հոգնածությամբ և ֆիզիլոգիական առանձնահատկություններով, նաև դիրքերում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներով, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է:
Իմ պրակտիկայում դեպքեր են հանդիպել, երբ զինծառայողը` հատկապես 03.00-06.00 ժամերին, հետդ խոսելիս «աչքը կպնում է»: Հանդիպել է նաև ցերեկային ժամերի, երբ ծառայության մեջ գտնվող քնած զինծառայողին շատ դժվար է եղել քնից հանել:
Սա նաև նշանակում է, որ դիրքի մնացած անձնակազմն էլ գրեթե նույն հոգնածությունն ունի, որի պարագայում պատշաճ մարտական հերթապահության իրականացումը խիստ վտանգվում է:
Պատճառները պետք է փնտրել անձնակազմի թվի, հերթափոխների ոչ հաճախակի արվելու մեջ` երկու դեպքերում էլ երբեմն արվում է հրամանի խախտումով, սակայն «ամենավերևների» իմացությամբ:
Հեշտ լուծում չէ, սակայն եթե իրականում նպատակ կա մարտական խնդիրների ճշգրիտ իրականացման և ողբերգությունների կանխման առումով, ապա առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը:
Սա նշանակում է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով իրականացվող ծրագրերը, որոնք հատկապես ուղղված են զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերին, տարաբնույթ ֆինանսական բավարարումներին, պետք է բերել առաջնային պլան:
Սա ոչ միայն ասածս խնդիրներն է լուծում, այլ շղթայական բարելավումների հնարավորություն ստեղծում բոլոր ուղղություններով»:
Add new comment