Աբդոլլահիանը հերքում է. հութիները Իրանից հրամաններ կամ հրահանգներ չեն ստանում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է այն մեղադրանքները, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հրամաններ ու հրահանգներ են ստանում Իրանից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ Եմենի ժողովուրդը սեփական նախաձեռնությամբ է աջակցում Պաղեստինի ժողովրդի պայքարին։ «Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, որոնք պաշտպանում են պաղեստինցի ժողովրդին, գործում են իրենց սեփական փորձին համապատասխան և ելնելով իրենց սեփական շահերից։ Նրանք մեզանից ոչ մի հրաման կամ հրահանգ չեն ստանում»,- ասել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ Կարմիր ծովում անվտանգությունը չափազանց կարևոր է Իսլամական Հանրապետության համար։ «Բայդենի և Սպիտակ տան լիածավալ համագործակցությունն այնպիսի գլխակերների հետ, ինչպիսին Նեթանյահուն է, անորոշության արմատն է տարածաշրջանում»,- նկատել է նա։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Եմենի դեմ Միացյալ Նահանգների և վերջինիս դաշնակիցների կողմից իրականացվող հարձակումներն անընդունելի են։
#Դետքի_հետագծով
Վերջին օրերին կտրուկ սրվել է Եմենում տիրող իրավիճակը, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հրթիռային հարձակումներ է իրականացրել այս երկրի դեմ։ Եմենի հութիներն աջակցում են Պաղեստինի ժողովրդի կողմից Իսրայելի դեմ մղվող պատերազմին, և նրանց դեմ ուղղված այս հարվածների նպատակն այդ աջակցությունը թուլացնելն է։
Add new comment