Detq

Արցախյան 44-օրյա պատերազմ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմը և պատերազմից բխող հետևանքները շարունակում են ազդել հայ ազգի վրա բոլոր ոլորտներում և մի շարք իմաստներով։ 2020 թվականից հետո հայ ժողովուրդն ապրում է բոլորովին այլ իրականությունում, որտեղ անվտանգային խնդիրն այնքան մեծ է, որ մի շարք այլ խնդիրներ, որոնք պատերազմից առաջ թվում էին «կարևոր», մնացել են ստվերում։

Համաշխարհային պատմությունը վկայում է, որ աշխարհի քաղաքական քարտեզը ձևավորվել է կազմակերպված բռնության՝ պատերազմների արդյունքում, ինչպես նաև նոր պետությունների առաջացմամբ և հների վերացմամբ: Գերմանացի ռազմական ստրատեգ Կարլ ֆոն Կլաուզևիցն ասում էր, որ «պատերազմը ոչ այլ ինչ է, քան մենամարտ ավելի մեծ մասշտաբով», և նշում, որ դրա նպատակը պետք է լինի «մեր կամքը թշնամուն պարտադրելը»։ Այսօր Ադրբեջանը շարունակում է ամրացնել իր դիրքերը, զինվել, թելադրել իր քաղաքական կամքը՝ սպառնալիք ներկայացնելով Հայաստանի ինքնիշխանությանը։ 

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով անցավ հարձակման։ 44 օր տևած ակտիվ մարտերից հետո ՀՀ քաղաքական ղեկավարությունը նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտնի հայտարարությունը։ 44-օրյա պատերազմը էականորեն փոխեց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դերակատարությունը։ Եթե նախկինում տարածաշրջանում կար որոշակի ձևավորված ուժային հավասարակշռություն, ապա պատերազմից հետո այն խարխլվեց։ Պատերազմը և խաղաղությունը մարդկության պատմության անբաժանելի շարժիչ ուժերն են: Յուրաքանչյուր պատերազմ հասկանալու համար անհրաժեշտ է համատեքստայնացում։

Քաղաքական համատեքստը ռազմավարական ողջ պատմության ընթացքում զբաղեցնում է ամենամեծ մասնաբաժինը։ Հենց այս համատեքստում են սկիզբ առնում թե՛ պատերազմը և թե՛ խաղաղությունը։ Սակայն խաղաղությունը չի կարող հարատևել և պարբերաբար ընդհատվում է պատերազմներով։ Այստեղ հետաքրքիր է մեջբերել հայտնի գրող Ջ. Օրուելի այն միտքը, թե «պատերազմի նպատակը միշտ ավելի լավ դիրքում հայտնվելն է՝ մեկ այլ պատերազմ մղելու համար»։ Կլաուզևիցն էլ պնդում էր, որ «պատերազմի միակ աղբյուրը քաղաքականությունն է», և որ «պատերազմը պարզապես քաղաքականության շարունակությունն է՝ այլ միջոցների ավելացումով», և հիմնավորում, որ «քաղաքականությունը պատերազմի ճնշող կործանարար տարրը վերածում է զուտ գործիքի», և որ «եթե պատերազմը քաղաքականության մաս է, քաղաքականությունը կորոշի դրա ձևը»:

Ռազմավարական պատմությունը սաղմնավորվում է սոցիալ-մշակութային համատեքստում: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստել է մի հասարակություն, որն իր հայրենասիրությունն արտահայտում է հայատյացությամբ։ Այդ պետության պատմությունն ի սկզբանե կառուցված է եղել հայատյացության հողի վրա։ Այն գաղափարներն ու արժեքները, որոնք առկա են երկու հակամարտող երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում, անհամադրելի են։ Եթե նույնիսկ համեմատենք հայկական կրթօջախներում ուսուցումը, ակնհայտ է, որ մեր երկրում նույնիսկ թշնամու հանդեպ ատելությունն այնպես արմատավորված չէ, ինչպես Ադրբեջանում։ Մեզ առավել շատ կրթել ու դաստիարակել են այն պատգամով, որ ճանաչենք, սիրենք մեր հայրենիքը և լինենք հայրենատեր, ոչ թե դաժանորեն ատենք թշնամուն։

Բոլոր պատերազմներն ուղեկցվում են մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսների վիթխարի ու շատ հաճախ անդառնալի կորուստներով։ Կարելի է ասել, որ որպես կանոն, պատերազմի հետևանքները չեն վերանում պատերազմի անմիջապես ավարտից հետո, այլ հակառակը, դրանք ի հայտ են գալիս և շարունակում զգացվել երկար տարիներ՝ մեծ ազդեցություն ունենալով բնակչության բարոյահոգեբանական վիճակի, սոցիալ-տնտեսական միջավայրի և ժողովրդագրական իրավիճակի վրա։ 44-օրյա պատերազմը հանգեցրեց ինչպես զգալի մարդկային, այնպես էլ բնական պաշարների և այլ նյութական արժեքների կորստի։ Հատկապես անգնահատելի են մարդկային կորուստները, որոնք անվերադարձ են, իսկ դրանց ազդեցությունը զգացվելու է տասնամյակների ընթացքում։

Տեխնոլոգիական համատեքստը կարևորագույն տեղի ունի ռազմավարական պատմության մեջ։ Պատերազմներն անցկացվում են տեխնիկայի արտադրանքով։ 2020 թվականի պատերազմի ընթացքում թուրքական արտադրության զենքերը, կարելի է ասել, Ադրբեջանի միջոցով գովազդվեցին, և մինչ օրս էլ շարունակվում են գերագնահատվել դրանց իրական կարողությունները։ Ադրբեջանը ներկայումս ակտիվ է նաև տեղեկատվական դաշտում: Վերջինս տեխնոլոգիաների մեր դարաշրջանում մեծ նշանակություն ունի պետությունների անվտանգային համակարգում: Ռազմական-ռազմավարական ենթատեքստն առկա է բոլոր ժամանակներում քաղաքական որոշումների համար, որոնք հետևանքներ են ունենում պատերազմի և խաղաղության վրա: Այս համատեքստը վերաբերում է ռազմական գործերում առկա իրավիճակին: Արցախյան երրրորդ պատերազում թուրք-ադրբեջանական ուժերը թիրախավորում էին նույնիսկ խաղաղ ենթակառուցվածքները, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները և այլն։

Ռազմավարական ողջ պատմությունն ունի աշխարհագրական ենթատեքստ։ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղով շարունակում է անցնել անկայունության շղթան։ Հայաստանին սահմանակից երկու թշնամի պետությունները շարունակում են հավակնություններ ներկայացնել՝ Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված։

Աշխարհաքաղաքական համատեքստը տարածական հարաբերությունների քաղաքական իմաստն է, որը կայուն ենթատեքստ է ապահովել վերջին երկու դարերի ռազմավարական պատմության համար։ Թուրքիայի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Հայաստանը՝ որպես քաղաքական գործոն, խոչընդոտ է այդ ճանապարհին։ Անհնարին է չնկատել, որ Էրդողանի պաշտոնավարման շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական կշիռը զգալիորեն մեծացել է ինչպես համաշխարհային քաղաքականության մեջ, այնպես էլ տարածաշրջանային հարցերում։ Էրդողանական Թուրքիայի քաղաքականությունն Արևմուտքի և Արևելքի փոխհարաբերություններում, հատկապես ուկրաինական հակամարտության համատեքստում, Թուրքիային դարձրել է այսօրվա միջազգային գործընթացների ամենաակտիվ դերակատարներից մեկը:

Պատմական համատեքստի կարևորությունը նույնպես մեծ է, սակայն պատմական տարբեր իրադարձություններ համեմատելիս, դիտարկելիս պետք է հաշվի առնել ժամանակաշրջանը, անձերին, որոնք հենց տվյալ ժամանակահատվածում են ապրել և կրում են իրենց ապրած ժամանակաշրջանի կերտվածքը։

Այսպիսով ներկայիս աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու, պատերազմի աղետալի հետևանքները հաղթահարելու համար պետք է վերակառուցել այնպիսի պետություն, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին: Միայն ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության և պետականակենտրոն ուժերի անխոնջ աշխատանքի արդյունքում Հայաստանը կկարողանա արժանապատիվ խաղաղության հիմքեր ուրվագծել՝ ապագա սպառնալիքներին դիմագրավելու համար։ Քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսը դեռ 2500 տարի առաջ կանխատեսել էր, որ պատերազմները կլինեն ժողովուրդների կյանքի մի մասը, քանի դեռ «վախը, պատիվը և շահը» պետությունների փոխգործակցության ամենաուժեղ և կայուն շարժառիթներն են:

 

Add new comment