Դա կլինի նոր պատերազմի կամ Հայաստանի կապիտուլյացիայի մասին պայմանագիր․ քաղաքագետ․ «JAMnews»
Ինչպե՞ս փոխվեց բանակցությունների տրամաբանությունը
2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում ոչ միայն խաթարեց գոյություն ունեցող ստատուս քվոն, այլև հանգեցրեց լայնածավալ և, որ ամենակարևորն է, արագ փոխակերպումների Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Իրադրությունը փոխվել է ոչ միայն «գետնի վրա», այլև բանակցային գործընթացում։ Ուկրաինական ճգնաժամի խորացման ֆոնին միջնորդ երկրները փաստացի սկսեցին մրցել Երևան-Բաքու բանակցությունների գլխավոր մոդերատորի կարգավիճակի համար։
Ինչ-որ պահի Արևմուտքը՝ ի դեմս Բրյուսելի և Վաշինգտոնի, սկսեց հաջողության հասնել այդ պայքարում։ Երկու պետությունների ղեկավարների անձնական շփումները տեղափոխվեցին արևմտյան հարթակներ։ Այս հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը հասավ կարևոր արդյունքի՝ Հայաստանի համաձայնությանը՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մի բան, որը նախկինում երբեք չէր եղել։
Եվրոպացի միջնորդներին նույնիսկ հաջողվեց մշակել փաստաթուղթ, որը երկու երկրների ղեկավարները պետք է ստորագրեին Իսպանիայում 2023 թվականին։ Այն ենթադրում էր հակամարտող կողմերի՝ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Սակայն Ադրբեջանի նախագահն այդպես էլ չմեկնեց Գրանադա։ Հայաստանի վարչապետը ոչ միայն ժամանեց եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը, այլև ստորագրեց այդ հայտարարությունը։
Արդյունքում ստացվեց, որ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դրա դիմաց ոչինչ չստացավ։ Հիմա Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես ներառված չէ բանակցային գործընթացում։
Թեև Հայաստանն ասում է, որ հարցը փակված չէ, և հայ բնակչությունը պետք է վերադառնա իր տները, բայց այդ հայտարարությունները ավելի շուտ նախատեսված են ներքին լսարանի համար։ Երևանը պարզապես ի վիճակի չէ ԼՂ հարցը վերադարձնել միջազգային օրակարգ: Գոնե առայժմ։
Բաքուն շարունակում է միջանցք պահանջել
Իր վերջին հայտարարություններում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին» և պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացին։
2020 թվականի պատերազմից հետո կողմերի միջև վեճ է ընթանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մոտեցումների վերաբերյալ։ Ադրբեջանը պնդում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք բացել: Երևանն ուզում է վերահսկել իր տարածքով անցնող բոլոր տարանցիկ ուղիները:
Սա ընդունելի է նաև արևմտյան գործընկերների համար։ Եվ ինչ-որ պահի թվում էր, թե Ադրբեջանն արդեն համակերպվել է այդ մոտեցման հետ։ Սակայն Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց, որ եթե իր երկիրը չստանա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ապա Հայաստանի շրջափակումը կշարունակվի.
«Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք որևէ այլ վայրում բացել մեր սահմանը Հայաստանի հետ։ Բեռներն ու մարդիկ պետք է Ադրբեջանի մի հատվածից մյուսն անցնեն առանց ստուգումների»։
Գլխավոր վտանգը Հայաստանի համար
Պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը նույնպես լուրջ ռիսկեր է պարունակում Երևանի համար։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ այս գործընթացի հիմքում պետք է լինեն 70-ականների խորհրդային քարտեզները։ Նրանք առավել ճշգրիտ են արտացոլում պատկերը Խորհրդային Միության փլուզման պահին։
Ինչ-որ պահի թվում էր, թե կողմերին հաջողվել է համաձայնության հասնել այս հարցում։ Բայց Ալիևի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ այստեղ ևս փոփոխություն չկա.
«70-ականների քարտեզների հիման վրա սահմանազատման Հայաստանի առաջարկն անընդունելի է։ Մեկնարկային կետը պետք է լինի կամ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման, կամ խորհրդայնացման շրջանը»։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսում խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին՝ առանց հստակեցնելու այն սկզբունքները, որոնցով կիրականացվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Երևանում նման հայտարարությունները գնահատում են որպես Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մտադրություն։
Ի՞նչ կլինի այս ամենի արդյունքում
Եթե նույնիսկ ինչ-որ թուղթ ստորագրվի, այն խաղաղության երաշխիք չի դառնա, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել փաստաթուղթը՝ առանց սահմանազատման սկզբունքները հստակեցնելու։ Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Այս իրավիճակում դա կլինի նոր պատերազմի կամ Հայաստանի կապիտուլյացիայի մասին պայմանագիր։ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր այն կետերը, որոնք պետք է լինեն խաղաղության պայմանագրում, առաջ է քաշել Բաքուն։ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ագրեսիայի: Նրա թիկունքին էլ կանգնած է Թուրքիան»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment