Իրանը 3 տարում կատարելագործված արբանյակակիր կստեղծի
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական բաժնի հրամանատար Ալի Ջաֆարաբադին հայտարարել է, որ երկիրն առաջիկա երեք տարվա ընթացքում կատարելագործված արբանյակակիր կստեղծի, որն արբանյակներ կուղարկի գեոստացիոնար ուղեծիր Երկրից 36 հազար կիլոմետր բարձրության վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Ջաֆարաբադին կարևորել է իրանական «Soraya» արբանյակի հաջող արձակումը, որն ուղարկվել է երկրամերձ ուղեծիր «Qaem-100» արբանյակակիր հրթիռի միջոցով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը 11 րոպեում այն հաջողությամբ արբանյակային ուղեծիր են դուրս բերել Երկրից 750 կիլոմետր բարձրության վրա՝ պինդ վառելիքով աշխատող, եռաստիճան «Qaem-100» արբանյակակրի միջոցով։
Իրանցի հրամանատարը հայտնել է՝ չնայած «Qaem-100»-ը շահագործման է հանձնվել գործառնական ցիկլի համար, սակայն ԻՀՊԿ-ն հաջորդ տարի կիրականացնի «Qaem-105»-ի փորձարկումը: Նրա խոսքով՝ առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանը փորձարկելու է «Qaem-120» արբանյակակիրը, որը նախատեսվում է ուղեծիր ուղարկել Երկրից 36 հազար կիլոմետր բարձրության վրա։
Ալի Ջաֆարաբադին հավելել է, որ Իրանն ունի տեխնիկական նոու-հաուներ՝ բարդ պինդ վառելիքի շարժիչներ արտադրելու համար, որոնք կարող են դիմակայել շատ բարձր ջերմաստիճանի ու ճնշման և հագեցած են բարձր ճշգրտության բոցամուղներով։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս տիեզերական տարածությունում երկրի դիրքերի ամրապնդմանը։ Այս նպատակով ԻՀՊԿ-ն իրանական առաջին ռազմական արբանյակը՝ «Noor-I»-ը, արձակել է 2020 թվականի ապրիլին, իսկ «Noor-II»-ը՝ 2022 թվականի մարտին: Դրանք ուղեծիր են դուրս բերվել «Qassed» արբանյակակրի միջոցով, որը նախագծել և արտադրել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը:
Add new comment