Օրվա նշանաբանը պետք է լինի ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ռազմական պատմաբան
Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են Հայաստանի Հանրապետության վերջնական մասնատումն ու կլանումն արդեն հաջորդ տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Քանի դեռ փաշինյանական խունտան՝
- փափուկ բարձ է դնում հայ ժողովրդի գլխի տակ, շեղում նրա ուշադրությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» կեղծ ու մեռելածին օրակարգերով,
- մեկ քայլ անգամ չի անում «ազգ-բանակ» կառուցելու ուղղությամբ, մասնավորապես՝ սկզբունքորեն հրաժարվում է աշխարհազորային մեծաթիվ ուժեր ստեղծելուց և երկրի քաղաքացիական պաշտպանության համակարգը կարգի բերելուց,
Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են Հայաստանի Հանրապետության վերջնական մասնատումն ու կլանումն արդեն հաջորդ տարի։ Կցված տեսանյութում պատկերված է քարտեզ, որտեղ Հայաստանը 2025 թ. այլևս գոյություն չունի։ Այս առումով պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ մի եզակի հայտարարություն, որն արվել է Բաքվում ուղիղ 20 տարի առաջ։ 2004 թ. փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Ռամիզ Մելիքովը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «25 տարի անց Հարավային Կովկասում չի լինի այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է։ Այդ մարդիկ այնքան կեղտոտ գործեր են արել իրենց հարևանների նկատմամբ, որ իրավունք չունեն ապրելու այս հողի վրա։ Ժամանակակից Հայաստանը կառուցվել է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Կարծում եմ, որ առաջիկա 25-30 տարիների ընթացքում նրա տարածքը կրկին կանցնի Ադրբեջանի իրավասության տակ»։
Սա այս կարգի միակ հայտարարությունն է, որը կոնկրետ մատնանշում է Հայաստանի լուծարման՝ մեր թշնամիների վաղուց ծրագրված ժամկետը՝ մինչև 2025-2030 թվականները։
Այս օրհասական պայմաններում ներկա խամաճիկային իշխանությունը Հայաստանը փրկել չի կարող։ Մեզ պետք է հայրենասեր պրոֆեսիոնալներից բաղկացած նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր նախագահ, նոր պաշտպանության նախարար, նոր Գլխավոր շտաբի պետ, նոր գաղափարախոսություն, նոր սկիզբ ու պայքար։
Օրվա նշանաբանը պետք է լինի ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»,- գրել է նա։
Add new comment