1

Արևմուտքն իր ռազմավարական շահերն իրացնելիս փորձում է ցույց տալ, որ աստիճանաբար անցում է կատարում նաև անվտանգության բաղադրիչին․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բրյուսելի հնչող հայտարարություններով, ըստ էությամբ, զգուշացվում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած փորձ կոշտ հակազդեցություն է ունենալու:

Հասկանալի է, որ այս ամենին աջակցում է նաև ԱՄՆ-ն, և ինչ-որ փուլում նաև Վաշինգտոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել պաշտոնական Բաքվին (տարբեր դոզաներով պարբերաբար հնչում են):

Հատկանշական է, որ Ադրբեջանի համար որևէ էական հետևանք չեղավ Արցախի դեմ ագրեսիայից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո, առավել ևս` 2021-22 թթ.-ի ընթացքում ՀՀ-ի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումներից հետո, որի հետևանքը Հայաստանի տարբեր հատվածների օկուպացումն էր:

Արևմուտքն իր ռազմավարական շահերն իրացնելիս և աշխարհաքաղաքական բալանսը փոխելու ճանապարհին փորձում է ցույց տալ, որ քաղաքական սատարումից բացի՝ աստիճանաբար անցում է կատարում նաև անվտանգության բաղադրիչին, ինչն արտահայտվում է Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ ակտիվացմամբ ու դրանից բխող մատակարարումներով:

Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավազքից և առավելագույն օգուտներ քաղել, սակայն գործող իշխանության պայմաններում ցանկացած հնարավորություն շատ արագ վերածվում է նոր արկածախնդրության և դիվանագիտական կոլապսի»,- գրել է Տ․ Աբրահամյանը:

Add new comment